«Ակտիվիստ և ուսուցչուհի Նինո Դաթաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում։ Մարդու իրավունքների գործընկերությունը (PHR) վաղվա նիստում կդիմի դատարան՝ նրա կալանքի ժամկետը փոխելու միջնորդությամբ։ Նինո Դաթաշվիլիի դատավարությունը կշարունակվի Թբիլիսիի քաղաքային դատարանում վաղը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին»,- գրել է PHR-ը։
Ըստ գործընկերության՝ ձերբակալությունից մոտ 2 ամիս անց Նինոն սկսել է ցավեր զգալ ողնաշարի և վերջույթների շրջանում, ինչի պատճառով 2025 թվականի սեպտեմբերի 8-ին և 17-ին չի կարողացել մասնակցել դատական նիստերին։ 5-րդ քրեակատարողական հիմնարկը Նինո Դաթաշվիլիին բժշկական ծառայություններ է մատուցում, սակայն նրա առողջական վիճակը բանտային պայմաններում չի բարելավվում, այլ հակառակը` վերջերս նրա վիճակը ծայրահեղ ծանրացել է, ինչը վկայում է, որ տրամադրվող բժշկական օգնությունն արդյունավետ չէ։
«2025 թվականի օգոստոսի 25-ին «Վիվամեդ» կլինիկայում անցկացված հետազոտությունից հետո, որը ցույց էր տվել ողնաշարի օստեոխոնդրոզ, Նինո Դաթաշվիլիին նշանակվել են դեղորայքային բուժում և ֆիզիոթերապիա։ Նույն բժշկական փաստաթղթի համաձայն՝ բուժման անարդյունավետության դեպքում հիվանդը պետք է տեղափոխվեր կլինիկա՝ վիրահատության։ Երկու ամիս անց Նինո Դաթաշվիլին պլանային բուժում էր ստանում, բայց նրա առողջական վիճակը վատթարանում էր։
2025 թվականի հոկտեմբերի 24-ին Նինո Դաթաշվիլին կրկին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ բժշկական զննման, որտեղ ենթարկվել է մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի։ Տրված բժշկական փաստաթղթի համաձայն՝ հայտնաբերվել է ախտորոշում, որը չի գրանցվել երկու ամիս առաջ տրված բժշկական փաստաթղթում։ Մասնավորապես՝ M50.2՝ պարանոցային հատվածի միջողնային սկավառակների դեֆորմացիաներ, միջողնային սկավառակների ճողվածք C5 C6, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն»,- ասված է տեղեկության մեջ։
Գործընկերության հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ Դաթաշվիլին կարիք ունի երկու վիրահատության, բժշկական փաստաթղթի համաձայն՝ պարանոցի վիրահատությունն առաջնահերթ է, և «պետությունը պարտավոր է ապահովել բանտարկյալի առողջության պահպանումը կամ նրան ազատ արձակել բանտից»։