Զուրաբիշվիլի․ Ռուսաստան-Ուկրաինա բանակցային սեղանին պետք է դրվի նաև Վրաստանի հարցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է Վրաստանի վերահսկողությանը հանձնի Աբխազիան և Ցխինվալին, որոնք 2008 թվականից Ռուսաստանի վերահսկողության տակ են։ Նրա կարծիքով, Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հետ պատերազմում, և դրա ավարտից հետո պետք է լքի օկուպացված տարածքները ոչ միայն Ուկրաինայում, այլև Վրաստանում։

«Ռուսաստանն արդեն գործնականում պարտվել է բոլոր մարտերում, եթե ոչ` ընդհանրապես պատերազմում։ Բանակցային սեղանին պետք է դրվեն նաև վրացական խնդիրները. Ռուսաստանը պետք է հասկանա, թե մինչև ուր են հասնում իր սահմանները»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը կոչ է արել Արևմտյան երկրներին պահանջել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ դուրս բերել զորքերը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից՝ որպես Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ «հակառակ դեպքում Արևմուտքը մեծ սխալ կգործի, ինչպես 2008 և 2014 թվականներին է գործել»։