Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ ստեղծված www.ekalata.gov.ge տեղեկատվական համացանցին ավելացել է սուպերմարկետների նոր «Ամբարի» ցանցը։ Այդ հարթակում օգտատերերի համար գործարկվել են նաև խնայողությունները հաշվելու և ամսվա ընթացքում գների դինամիկայի մասին տեղեկատվություն ստանալու ֆունկցիաները։
Այս տեղեկությունը տարածել է Մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը։
Ըստ գործակալության` «www.ekalata.gov.ge-ն սպառողներին հնարավորություն է տալիս մեկ տարածքում համեմատել տարբեր առևտրային ցանցերում առկա գները և նախընտրելի ապրանքատեսակները գնելիս կայացնել տեղեկացված ընտրություն։ Համացանցում այս պահին ներկայացված է 14 առևտրային ցանց՝ «Ագրոհաբ», «Ամբարի», «Կարֆուր», «Դեյլի», «Գուդվիլ», «Գվիրիլա», «Կալաթա», «Լիբրե», «Մագնիտ», «Նիկորա», «Օրի նաբիջի», «Սպար», «Ունիվերսամ» և «Զղապարի»։
Սպառողները հնարավորություն ունեն համեմատելու 13 հիմնական պարենային ապրանքների և 10 հիմնական առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների գները։
Խնայողության հաշվարկման ֆունկցիոնալը սպառողին հնարավորություն է տալիս տարբեր առևտրային ցանցերում ապրանքների գների համեմատման հիման վրա հաշվարկել հնարավոր խնայողությունը։ Օգոստոս ամսվա տվյալներով՝ սպառողների ընդհանուր խնայողությունը կազմել է 2265․5 լարի, իսկ միջինում մեկ առևտրային ցանցի հաշվով խնայողությունը կազմել է 161․82 լարի։ Խնայողությունը հաշվարկվել է համացանցում տեղադրված միավոր ապրանքների զեղչված գումարների հանրագումարով՝ ամսվա ընթացքում։ Այս ցուցանիշով օգոստոսին առաջատարը «Կարֆուր» սուպերմարկետների ցանցն էր։
Նպատակը www.ekalata.gov.ge-ի միջոցով սպառողի համար գների մասին տեղեկատվության հասանելիության բարելավումն է, տարբեր առևտրային ցանցերի առաջարկների համեմատման պարզեցումը և տեղեկացված ընտրության կատարմանը նպաստումը։ Համացանցում տեղադրված տեղեկատվությունն օպերատիվորեն թարմացվում է առևտրային ցանցերի տրամադրած տվյալների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։