Լավագույն ճանաչված ուսուցիչը պատմում է իր կուտակած փորձի մասին

Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից «Վրացերենը որպես երկրորդ լեզու» առարկայի 2022 թվականի լավագույն ուսուցիչ ճանաչված Զվիադ Փիփիան դասավանդում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագանի գյուղի թիվ 1 հանրակրթական դպրոցում։

Փիփիան թեև ոչ վրացալեզու դպրոցում աշխատելու փորձ ուներ, այնուամենայնիվ, այս դպրոցում դասավանդելու մեկնարկից ի վեր՝ 2010 թվականից, բախվել է որոշակի մարտահրավերների․

«Շրջկենտրոնից հեռու գյուղում բոլորովին այլ մասնագիտական ​​մարտահրավերների բախվեցի։ Ես պետք է աշխատեի ինքս ինձ վրա, ավելի շատ ջանք ցուցաբերեի մասնագիտական ​​առաջխաղացման վրա, ստեղծեի հարմարեցված ուսումնական ռեսուրսներ՝ հաշվի առնելով լեզվական կարողությունները», — պատմում է ուսուցիչը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։

Իր հաջողության գրավականի մասին խոսելով` նա նշում է, որ առավելագույնս օգտագործել է բոլոր հնարավոր դասընթացները` հասկանալու համար այն մեթոդները, որոնք անհրաժեշտ է կիրառել էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին պետական լեզուն՝ վրացերենը, դասավանդելու նպատակով։

«Մասնակցել եմ ուսուցչի տան առաջարկած բոլոր վերապատրաստումներին, որոնք առնչվում էին իմ մասնագիտությանը, և ինձ համար շատ կարևոր էր իմ կուտակած գիտելիքները հասցնել գործընկերներիս։ Վերջերս գրանցվեցի Ուսուցչի տան առաջարկած վերապատրաստմանը մասնակցության համար, որը ներառում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ուսումնական ռեսուրսների ստեղծում»,- ասում է նա։

Զվիադ Փիփիայի համար ուսուցումը բացահայտման և հայտնագործման գործընթաց է․ «Կարող եմ ասել, որ ես մեծացել եմ իմ աշակերտների հետ»։

«Հաջողության հասնելու համար ուսուցչին անհրաժեշտ է ճանաչել աշակերտին որպես մարդ և աջակցել նրա զարգացմանը: Նաև պետք է անընդհատ մտածի սեփական զարգացման մասին։ Հակառակ դեպքում աշակերտները կամաց-կամաց կկորցնեն հետաքրքրությունը դասերի նկատմամբ», — ասում է նա։

Որպես վրացերենի ուսուցիչ` Փիփիան իր նպատակն է համարում աշակերտի հոգում սերմանել քաղաքացիության զգացում, դրական վերաբերմունք հայրենիքի և նրա մշակույթի նկատմամբ։

«Դրանում կարևոր դեր է խաղում պետական ​​լեզուն, որը կամուրջ է էթնիկ փոքրամասնությունների հանրության ինտեգրման գործում։ Ես հպարտ եմ, որ մասնակից եմ աշակերտներիս և գործընկերներիս հաջող գործունեությանը», — հավելում է ուսուցիչը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին մրցանակներ է հանձնել լավագույն ուսուցիչների մրցույթի հաղթողներին՝ վրացերենի, վրացերենը՝ որպես երկրորդ լեզու առարկայի, անգլերենի ու գերմաներենի ուսուցիչներին և անձամբ շնորհավորել նրանց հաջողության առթիվ։

Նախարարի խոսքով՝ «Լավագույն ուսուցիչ» մրցանակն իսկապես կարևոր նախաձեռնություն է, որը երկար տարիներ ծառայում է ուսուցիչների դերի և կատարած աշխատանքի գնահատմանը։