Օմբուդսմենը 2025-ին ընդունված օրենքները կվիճարկի ՍԴ-ում

«Մենք կներկայացնենք սահմանադրական բողոք, որով կվիճարկվեն անցնող տարում խորհրդարանի ընդունած մի շարք հոդվածներ», — Հանրային հեռարձակողի եթերում հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։

Նրա խոսքով՝ սահմանադրական բողոքը կվերաբերի ոչ միայն «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, այլև տուգանքների ավելացմանը։

Իոսելիանին նշել է, որ օմբուդսմենի գրասենյակը կանի ամեն ինչ, որպեսզի այդ փոփոխությունները համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։
Օմբուդսմենի խոսքով՝ բողոքի պատրաստումը կավարտվի մի քանի օրից և «կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարան եթե ոչ այս տարի, ապա` հաջորդ տարվա սկզբին»։

«Ուզում եմ, որ հանրությունը իմանա, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք վերջերս կատարված փոփոխությունների վրա՝ դիմակ կրելու ընդհանուր արգելքից մինչև օրենսդրության մեջ ներառված այլ տեսակի փոփոխություններ։

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս փոփոխությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին»,- ասել է Լևան Իոսելիանին։