«Պալիտրա» հոլդինգի գործը` քաղաքական քննարկումների առարկա

«Պալիտրա»-ի գործը դարձել է քաղաքական քննարկման առարկա: Ընդդիմությունը վստահ է, որ ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են մեդիա հոլդինգի խմբագրական քաղաքականության վրա ազդեցություն ունենալ:

«Պալիտրա» հոլդինգը նույնանուն հեռուստաալիքից և ռադիոկայանից զատ տիրապետում է նաև ազդեցիկ «Ինտերպրեսնյուս» լրատվականին և ամենաշատ տպաքանակն ունեցող թերթերից մեկին` «Կվիրիս պալիտռա»-ին:

Երեկ թերթը հոդված էր հրապարակել, որտեղ խոսվում էր իշխող «Վրացական երազանք»-ի ներսում «կլանային» առճակատման մասին: Հետաքննական հոդվածում ասվում է, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի մասին առկա տեղեկատվությունը Ուչա Մամացաշվիլին, Վանո Չխարտիշվիլին և Գիորգի Գախարիան ներկայացրել են Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Նշվում է նաև, թե դատախազության աշխատակիցները ստուգումների պատրվակով «Պալիտրա» են մուտք գործել, որպեսզի վարկաբեկիչ փաստեր գտնեն Քումսիշվիլիի նկատմամբ, որը, ըստ հոդվածի, պետք է հետագայում ներկայացվեր Բիձինա Իվանիշվիլիին:

Նշենք, որ դատախազությունը երկու օր առաջ ֆինանսական փաստաթղթեր էր առգրավել կազմակերպությունից: Ըստ դատախազության, հետաքննություն է ընթանում պաշտոնյաների կողմից պետությանը ենթակա ահռելի գումարների շորթման կասկածանքով: