Երեկվա օրը համառոտ. հունիսի 10

Վրաստանում ողնաշարի մկանային ատրոֆիա ունեցող բոլոր քաղաքացիներին թանկարժեք դեղորայքը կտրամադրվի անվճար։

Հեպատիտ C-ի վերացման ծրագրի շրջանակներում երկրում 2015 թվականից ի վեր հեպատիտ C-ի համար հետազոտվել է ավելի քան 2,3 միլիոն մարդ:

Վրաստանի ներդրողների խորհրդի կազմում գործող բիզնես ասոցիացիաները համատեղ նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Վրաստանի եվրոպական ապագայի և երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։

Թբիլիսիում Լեոնիձեի անվան գրական թանգարանում բացվել է վրաց-ուկրաինական «Գովաբանություն» խորագրով ցուցահանդեսը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ մոտ ապագայում քաղաքապետարանը կվերանորոգի Ավլաբարի (Հավլաբարի) հրապարակը և մետրոպոլիտենի «Ավլաբարի» կայարանը։

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին հայտնել է, որ հունիսի 9-ին խորհրդարանը վերջնականապես երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «միայնակ ծնողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությանը։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կարծիքով՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը շատ առումներով բարդ է:

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախաձեռնած բանաձևի ընդունումը, ավելին՝ այստեղ:

ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով օգնական Կարա Մակդոնալդը հանդիպել է Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Բրյուսելում «Կանայք հակամարտությունում» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ իր ընտանիքն զգացել է ռուսական առաջին օկուպացիայի ազդեցությունը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ կառավարությունն իրեն թույլ չի տվել պաշտոնական այցով մեկնել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա, որտեղ պետք է հանդիպումներ անցկացներ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակչությանը դաշնություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Քութայիսին։

Ռուսաստանը Վրաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին և Լեհաստանին մեղադրում է կիբերհարձակումների մեջ։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան ասել է, որ աշխատում են մի քանի ուղղություններով, պետք է այնպիսի որոշում ընդունել, որը չի հանգեցնի առաջին հերթին քաղաքացիների համար հացի թանկացմանը։

«Հասարակություն և բանկեր» հասարակական կազմակերպության սպառողական ապրանքների շուկայի հետազոտության համաձայն՝ պարենային ապրանքների գները 2007 թվականից ի վեր բարձրացել են 3 անգամ:

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները գրավել են ռեկտորի՝ Գիորգի Շարվաշիձեի աշխատասենյակը։ Նրանք մի քանի շաբաթ է պահանջում են հանդիպում Շարվաշիձեի հետ, իսկ համալսարանում հանրահավաքներ են անցկացնում։

Եվ վերջում՝ հունիսի 10-ի առքուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,65 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,9622 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 4,51 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,1382 լարի։