Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցի շրջանակներում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 66-րդ գլխավոր վեհաժողովին։
Տեղեկությունը տարածել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկության՝ Վրաստանը դառնում է PABSEC-ի նախագահող երկիր, իսկ Շալվա Պապուաշվիլին 6 ամիս ժամկետով կղեկավարի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը։
«Վեհաժողովի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի նախագահի ելույթը և բարձր մակարդակի հանդիպումներ։
Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Իրակլի Մեզուրնիշվիլին և Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալուդա Ղուդուշաուրին։
Խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 24-ին», — նշված է հաղորդագրության մեջ։