Պաշտոնական Թբիլիսին արձագանքում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությանը և նշել, որ նման մեկնաբանությունները վնասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին։

«Ցավալի է, որ մենք նման հայտարարություն ենք լսում ուկրաինական կողմից, հատկապես այն հանգամանքի ներքո, որ Վրաստանը պաշտոնապես խնդրել է կոնկրետ ապացույցներ ներկայացնել Վրաստան մաքսանենգ ապրանքների հնարավոր անցման վերաբերյալ։ Նման հայտարարությունները վնասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին և երկրների անվտանգությանը»,- ասել է Դարսալիան։

Դարսալիան միևնույն ժամանակ նշել է, որ վրացական կողմը խնդրում է ուկրաինական կողմին զերծ մնալ ապատեղեկատվությունից և անհիմն հայտարարություններից, ինչը իրականում չի բխում երկու երկրների և ժողովուրդների շահերից.

«Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային՝ թե՛ քաղաքական, թե՛ գործնական, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում»։

Նշենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր հայտարարել է, որ Ուկրաինան Վրաստանից ապացույցներ և համոզիչ փաստարկներ է ակնկալում, որ չի օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Վրաստանի ֆինանսների նախարարությունն ավելի վաղը հերքելով ուկրաինական կողմի մեղադրանքը, թե Վրաստանն աջակցում է Ռուսաստանին ներքին կարգով և չի միջամտում ռուսական մաքսանենգությանը, այն որակել է «ամբողջովին անհիմն և անհեթեթ։