Պատվաստված զբոսաշրջիկները ևս Վրաստան մտնելիս պետք է PCR թեստ ունենան

Վրաստան մուտքի ժամանակ բոլոր զբոսաշրջիկները պետք է PCR թեստի բացասական  պատասխանով փաստաթուղթ ունենան:

Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում: Նախկինում այցելուները միայն պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք էին ներկայացնում:

Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ` ցամաքային ու օդային ուղիներով, ունենալով թեստի բացասական պատասխանի մասին փաստաթուղթ, երկրում գտնվելու 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ հանձնել` վրաստանյան կլինիկաներից մեկում:

Վրաստան բացասական թեստով կարող են այցելել ԵՄ-ի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Թուրքիայի, Իսրայելի, Շվեյցարիայի, Բահրեյնի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Կանադայի, Քուվեյթի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Մոլդովայի, Օմանի քաղաքացիները:

Սահմանին օտարերկրյա քաղաքացիներին կներկայացվի մոտ 50 լաբորատորիաների ցանկը, որտեղ նրանք կարող են թեստավորվել: Երկիրը լքելիս նրանք պարտադիր պետք է ունենան երկրորդ թեստի բացասական պատասխանը, հակառակ դեպքում կտուգանվեն: Եթե այցելուն  Վրաստանում գտնվելու ընթացքում հիվանդանում է կորոնավիրուսով, նրա բուժման ծախսերը ծածկում է զբոսաշրջային ապահովագրությունը:

Հիշեցնենք` Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմաններն` այցելուների համար: