2008-ի պատերազմի պատճառներից մեկը Սաակաշվիլիի հռետորաբանությունն էր Պուտինի հանդեպ. Վոլքեր

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հռետորաբանությունը 2008-ի օգոստոսի պատերազմի պատճառներից մեկը դարձավ: Այս մասին Европейская правдаին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը:

«Կարծում եմ Սաակաշվիլին շատ բան է արել իր երկրի համար, անցկացրել է շատ բարեփոխումներ, արդյունավետորեն կառուցելով հարաբերություններ ԱՄՆ-ի և արևմուտքի հետ, բայց Պուտինը շատ նյարդայնացած էր արձագանքում այն կոշտ հռետորաբանությանը, որն իր հանդեպ ընտրել էր Սաակաշվիլին»,- հայտարարել է Կուրտ Վոլքերը:

Նրա խոսքով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի պատճառներից մեկը հենց Սաակաշվիլիի հռետորաբանությունն էր Պուտինի հանդեպ, ինչը հետագայում անհնարին դարձրեց ցանկացած ռուս-վրացական հարաբերություն:

«Վրաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հանդեպ այլ հռետորաբանություն են ընտրել, սակայն սա չի նշանակում, որ Թբիլիսին Ռուսաստանին հանձնեց բռնազավթված տարածքները և մոռացավ ռուսական ագրեսիայի մասին»,- հայտարարել է Վոլքերը:

Լուսանկարը՝ imedi.ge