Վրաստանը պատրաստ է խթանել հայ-ադրբեջանական երկխոսությունը․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը և հետագա համագործակցության օրակարգը, նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը պատրաստ է ապագայում ևս բոլոր հնարավոր ձևերով խթանել երկխոսությունը երկու հարևան երկրների միջև։

Անդրադարձ է եղել այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վրաստան այցին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս այցը ևս մեկ անգամ ընդգծել է երկրների միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները և ամենամեծ ներուժը, այդ թվում՝ առևտրատնտեսական ուղղությունը։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությանը», որում Հարավային Կովկասի երկրների հետ ներգրավված են նաև միջազգային գործընկերները։