Ապրիլի 14-ը Վրաստանի մայրենիի տոնն է

Ապրիլի 14-ը Վրաստանում պաշտոնապես նշվում է, որպես վրացերենի օր: Տոնի նախապատմությունը սկսվում է 1990-ից՝ ի հիշատակ 1978 թվականի դեպքերի: 38 տարի առաջ, հենց ապրիլի 14-ին Վրաստանի կոմունիստական կուսակցությունը փորձել է փոխել Վրաստանում վրացերեն լեզվի սահմանադրական կարգավիճակը:

Այս նախաձեռնությանն ի պատասխան` Թբիլիսիում բողոքի ցույց կազմակերպվեց: Ուշագրավ է, որ բողոքի ալիքը շարունակվում է նաև այսօր: Այսպես,  Թբիլիսիի` մայրենի լեզվին նվիրված այգում, բացի օրվա կապակցությամբ շնորհավորանքներից «Աբխազական խորհուրդ» կազմակերպության և «Վերադարձ» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել հենց ապրիլի 14-ին: «Ախազական խորհուրդ» կազմակերպության ներկայացուցիչների բողոքը ուղղված էր Աբխազիայի Գալիի շրջանի վրացերենի ուսուցանումն արգելելու փաստի դեմ.

«Այսօրվա Գալիի շրջանում ընդհանրապես արգելված է վրացիներին կրթություն ստանալ վրացերենով, պատկերացրեք 35 հազար վրացիներ հնարավորություն չունեն կրթություն ստանալ եւ աղոթել մայրենի լեզվով: Այս ակցիայի միջոցով մենք մեր զորակցությունն ենք ցուցաբերում Գալիի բնակչությանը»:

Գալիի բնակչությանն ուղղված զորակցության ցույցը պարբերաբար վերածվում էր Վրաստանի ներկայիս իշխանության դեմ բողոքի ցույցի.

«Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա նրանք լռում են՝ հանդուրժելով այս ամենը, կարելի է եզրակացնել, որ այս ամենը նրանց շահերից է բխում»:

Բողոքի ցույցի վերաճած մայրենի լեզվի տոնին էր միացել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան.

2«Ցավոք այսօր ևս վրացերենի պահպանման համար պետք է պայքարել, դրա ապացույցն է այն,  որ Գալիի շրջանի 31 դպրոցներում արգելվել է վրացերենի դասավանդումը: Սա Ռուսաստանի` ռուսիֆիկացման քաղաքականության մասն է կազմում, իսկ Վրաստանի իշխանությունների կողմից լռությունը շատ տագնապալի և ցավալի է, մինչդեռ նրանք պետք է ջանք չխնայեին` իրավիճակը շտկելու համար, քաջ գիտակցում են խնդրի լրջությունը, սակայն ձայն անգամ չեն հանում»:

Աբխազական խորհուրդ կազմակերպության ներկայացուցիչները Գալիում վրացերենի ուսուցանման բարդությունները համեմատում էին հայերենի հետ.

«Վրացական դասագրքերը շատ դժվար է ներմուծել Գալիի շրջանի դպրոցները, վրացիները ստիպված են դա անել անօրինական ճանապարհներով: Մինչդեռ հայկական դասագրքերը օրինական կերպով Վրաստանի իշխանությունների համաձայնությամբ ներմուծվում է Գալիի շրջան, նույնիսկ առանց պարունակությունը ստուգելու: Մենք այլևս այս իշխանության հետ հույսեր չենք կապում և խնդրանքով դիմում ենք Արևմտյան ուժերին միավորված գործել այս անարդարության դեմ:»

Մայրենի լեզվին նվիրված հուշարձանի հակառակ կողմից մի շարք դպրոցականներ, ուսուցիչներ և այլ քաղաքացիներ շարունկում էին ծաղիկ խոնարհել, լեզվի կարևորությունը խորհրդանշող բանաստեղծությունների ուղեկցությամբ:

Թողնել պատասխան