Պենտագոնի ղեկավարը Վրաստանում է

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեն, փոխանցում է Վրաստանի ՊՆ-ը։

Այսօր Բուրչուլաձեն պաշտպանության նախարարությունում կհյուրընկալի Լլոյդ Օսթինին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վրացի և ամերիկացի գործընկերները երկկողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Վրաստանի պաշտպանական ոլորտներում համագործակցությունը: Ավելի ուշ, Պենտագոնի ղեկավարը վրաց գործընկերոջ հետ հանդես կգա լրատվամիջոցների համար համատեղ ասուլիսով։  

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնագիր կստորագրվի, որի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու ընդլայնել հնարավորությունները: 

Այցի ընթացքում Լլոյդ Օսթինը հանդիպում կունենա նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Վրաստանի Պաշտպանության ուժերի ռազմաբազաներից մեկը, կմասնակցի ամերիկացի և վրացի զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժություններին:  

Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկեր երկիր ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Վրաստան ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում ակնառու համագործակցությունը: Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այն ավելի կխորացնի վրաց-ամերիկյան կապերը, կամրապնդի գործընկերությունը երկու երկրների միջև: 

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստան կատարելիք այցի մասին գրել էր Twitter-ի իր էջում։

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Վրաստանին պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու և եվրաատլանտյան ինտեգրումն առաջ տանելու գործում: 

ԱՄՆ ՊՆ-ից տեղեկացնում են, որ և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում Օսթինն ընդգծելու է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է: 

«Եւ Վրաստանում, և՛ Ուկրաինայում Օսթինը շեշտելու է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է՝ կոչ անելով կատարել պաշտպանական դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ փոփոխությունները», — Պենտագոնի տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի ու Ուկրաինայի տարածքների մի մասը։

Միացյալ Նահանգների պաշտպանության 28-րդ քարտուղար Լլոյդ Օսթինի երդմնակալության արարողությունը կայացել է 2021 թվականի հունվարի 22-ին: Նա ԱՄՆ նախագահի պաշտպանության գծով գլխավոր օգնականն է: 

Հատկանշական է, որ 2022 թվականին լրանում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր