Պետպաշտոնյաները 22 միլիոն լարի արժողությամբ նվերներ են ստացել

Անցյալ տարի՝ 2024 թվականին, պետական ​​պաշտոնյաները ստացել են 22 միլիոն լարի արժողությամբ նվերներ:

Նվերների մեծ մասը՝ 16 միլիոն լարի, եղել է գումար, նաև 33 բնակարան, 14 հողամաս, 21 մեքենա և 6 զենք։

«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ պետական ​​ծառայողը հայտարարագրում է խոշոր նվեր (մեծ գումար կամ բարձր արժեք ունեցող իրեր, ծառայություններ), Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հետաքննի, թե արդյոք կա՞ ապօրինի եկամտի օրինականացման փորձ», — նշել է «Transparency International-Վրաստան» միջազգային կազմակերպությունը, որը և տարածում է վերոնշյալ տեղեկատվությունը։

Պաշտոնավարման ընթացքում ծնողներն ավելի քան 100 հազար լարի են նվիրաբերել.

  • նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին,
  • արդարադատության նախկին նախարար Ռատի Բրեգաձեին,
  • քաղաքային խորհրդի նախկին նախագահ Գիորգի Տկղեմալաձեին,
  • Գերագույն դատարանի դատավոր Գիորգի Միքաուտաձեին։

Հետազոտությունը բացահայտել է 10 գործող և նախկին պետական ​​պաշտոնյաների, որոնք ստացել են ամենաարժեքավոր նվերները.

Գիորգի Շափաթավա — դատախազ

Գիորգի Շափաթավան որպես նվեր ստացել է 1 միլիոն 12 հազար դոլար (2 միլիոն 661 հազար 600 լարի՝ 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով): Մասնավորապես, նա հորից ստացել է 870 հազար դոլար, իսկ քրոջից՝ 142 հազար դոլար: Հայտարարագրում նշված է, որ նվերը հորից նա ստացել է անշարժ գույքի վաճառքի արդյունքում:

Իրակլի Կիրցխալիա — «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր

Իրակլի Կիրցխալիան 2023 թվականին հորից որպես նվեր ստացել է 250 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք: Նա հորից ստացել է նաև 185 հազար 900 դոլար և կանխիկ 137 հազար լարի: Քրոջից ստացել է կանխիկ 1714 դոլար: 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով Իրակլի Կիրցխալիան ստացել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 300 հազար լարի արժողությամբ նվերներ։

Վախթանգ Բաակաշվիլի — Երիտասարդական գործակալության ղեկավարի առաջին տեղակալ

Վախթանգ Բաակաշվիլիի կինը՝ Թինաթին Մեգրելիշվիլին, հորից նվեր է ստացել 295 հազար դոլար արժողությամբ բնակարան, որը 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով կազմում է 775 հազար 800 լարի։

Խաթունա Թոթլաձե — արտաքին գործերի փոխնախարար

Խաթունա Թոթլաձեն մորից նվեր է ստացել 250 հազար դոլար, որը 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով կազմում է 657 հազար 500 լարի։

Դավիթ Ծերեթելի — դատավոր

Դավիթ Ծերեթելին 2023 թվականին մորից նվեր է ստացել 156 հազար դոլար արժողությամբ բնակարան, որը 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով կազմում է 410 հազար լարի։

Լևան Գամկղրելիձե — Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն

Լևան Գամկղրելիձեն մորից նվեր է ստացել 150 հազար դոլար կանխիկ գումար, որը կազմում է 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով 395 հազար լարի։ Հայտարարագրում նշված է, որ նա նվերը ստացել է մորից՝ հողամասի օտարման արդյունքում։

Զուրաբ Պատարաձե — Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ադրբեջանում

Զուրաբ Պատարաձեն կնոջ մորից ստացել է կանխիկ 75 հազար դոլար, իսկ մորից՝ 65 հազար դոլար։ Հայտարարագրում նշված է, որ երկու գումարն էլ տրվել է անշարժ գույքի օտարման արդյունքում։ 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով Զուրաբ Պատարաձեն ստացել է ընդհանուր առմամբ 368 հազար լարի արժողությամբ նվերներ։

Սանդրո Ցաբուտաշվիլի — Պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի պետ

Սանդրո Ցաբուտաշվիլին քրոջից ստացել է կանխիկ 142 հազար 500 լարի և 17 հազար 640 դոլար։ Նա 70 հազար լարի է ստացել աներոջից (նշված է որպես հարսանեկան նվեր)։ Նրա կինը՝ Էլենե Ջիխվաշվիլին, հորից ստացել է 63 հազար լարի, 10 հազար 100 եվրո և 1200 դոլար կանխիկ գումար։ 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով Սանդրո Ցաբուտաշվիլին և նրա կինը ստացել են ընդհանուր առմամբ 353 հազար լարի արժողությամբ նվերներ։

Վեպխիա Լոմիձե — դատավոր

Վեպխիա Լոմիձեն կնոջից՝ Նինո Ջինչարաձեից որպես նվեր ստացել է 300 հազար լարի արժողությամբ նկուղ (առևտրային տարածք)։

Դավիթ Զիլփիմիանի — նախկին պատգամավոր

Դավիթ Զիլփիմիանին իր թոռնիկից ստացել է 105 հազար դոլար, որը 2023 թվականի լարիի միջին փոխարժեքով կազմում է 276 հազար լարի։