Փարվանա գյուղի երիտասարդները` նոր դպրոցի պահանջով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի երիտասարդները պահանջում են նոր դպրոց կառուցել, քանի որ հին դպրոցի շենքը վատ վիճակում է: Խոսքն իննամյա դպրոցի շենքի մասին է, որը սակայն մասնավոր սեփականություն է:

Այս պահանջը նրանք ներկայացրել են «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավի ժամանակ. գյուղացիների խոսքով` նրանք խոստացել են հաջորդ տարի սկսել նոր դպրոցի կառուցման աշխատանքը:

Վրաց լեզվի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանի փոխանցմամբ` այժմ դասապրոցեսն իրականացվում է կրկին հին շենքում, որը մաշված փայտե շինություն է, սեփական տուն, որը վարձով է տրվել, գումարի կեսը դպրոցն է վճարում, կեսը` պետությունը:

«Երկար ժամանակ է դասերը նման կերպ, նման պայմաններում է իրականացվում: Այս ուսումնական տարին ևս երեխաները ստիպված են այդ դպրոցում սկսել: Այս տարի էլ պետք է վարձենք և նման կերպ անցկացնենք դասերը», — ասաց ուսուցչուհին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում:

Փարվանա գյուղը գտնվում է Նինոծմինդայից 38 կմ հեռավորության վրա, Փարվանա լճի հարավային մասում՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի մայրուղու վրա։

Ներկայումս գյուղում ապրում է 80 ընտանիք։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղացիների փոխանցմամբ` խնդիրները բազմազան են:

Ի դեպ, մեր զրուցակիցը «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված միակ հայազգի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանն է. նրա հաջողության պատմությանն «Ալիք Մեդիա»-ն ավելի վաղ էր անդրադարձել:

Հիշեցնենք, որ երկրում ընթանում են քարոզարշավներ, քանի որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Վրաստանի ողջ տարածքում կանցկացվեն ընտրություններ, որոնց ընթացքում ընտրվելու են 64 քաղաքապետ և 64 խորհրդի անդամ՝ 2058 տեղի համար: ԿԸՀ-ի տվյալներով՝ կբացվի ընդհանուր առմամբ 3051 ընտրատեղամաս: