Փաշինյան-Բախտաձե հանդիպման վրաստանյան արձագանքը

Ինչը՞ ստիպեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու երկրորդ օրը ժամանել Վրաստան և ոչ ֆորմալ միջավայրում հանդիպում ունենալ Վրաստանի վարչապետին: Վրացական մամուլում ակտիվ լուսաբանվեց միայն նրանց հանդիպումը, Մամուկա Բախտաձեի շնորհավորանքը Հայաստանի վարչապետին և երկու երկրների բարեկամության և բարի դրացիական հարաբերությունների մասին: Այսինքն զուտ պաշտոնական տեղեկատվություն։

Եվ կարծես միայն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն էր հետաքրքրել հանդիպման մանրամասները, համենայն դեպս, «Ալիք մեդիան» միայն այստեղ գտավ վերլուծական հոդված հանդիպման վերաբերյալ։

Ո՞րն էր հանդիպման իրական պատճառը, ի՞նչ է պահանջում Հայաստանը Վրաստանից և ինչ դեր է խաղում այս գործընթացում Ռուսաստանի գործոնը, այս և այլ հարցերի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը զրուցել է հայ և վրացի վերլուծաբանների հետ:

«Մենք գրեթե ոչինչ չգիտենք վարչապետների հանդիպման մասին»- ռադիկոյանին է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա կարծում է, որ այս հանդիպումը «շատ լուրջ հանգամանքներով» էր պայմանավորված և այն կրում էր չպլանավորված և ինքնաբուխ տեսք:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսելով Վրաստանի դերի մասին, նշել է, որ այն շատ կարևոր երկիր է Հայաստանի համար: Իսկանդարյանն ուշադրություն է դարձրել հիմնականում առևտրատնտեսական կապերին:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքով, Հայաստանը շատ է հետաքրքրված Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային միջանցքներով, որոնք պետք է գործեն շվեյցարական ընկերության միջնորդությամբ, երկու երկրների միջև 2011 թվականին կնքված համաձայնագրի համաձայն: Նրա խոսքով հենց այս հարցը կարող է լինել հունվարի 15-ին Բոլնիսում անցկացված ոչ ֆորմալ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը:

Վերլուծաբան Նիկա Չիտաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանը և Վրաստանը ցանկացած իշխանության օրոք հետաքրքված են երկկրողմանի հարաբերությունների զարգացմամբ:

«Օրինակ՝ Հայաստանը հետաքրքրված է նրանով, որպեսզի իր արտաքին առևտրական գործողությունները կատարի հենց Վրաստանի տարածքով և, ինչպես գիտենք, Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին կատարվում է հենց Վրաստանի տարածքով: Իր հերթին Վրաստանը, իհարկե, հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը նպաստի Ջավախքում ապրող էթնիկ հայերի վրաց հասարակության մեջ ինտեգրացիայի հարցում:

Ինչ վերաբերում է թեմային, վերջին շրջանում կան խոսակցություններ Լարսի ճանապարհին այլընտրանքային ճանապարհներ գտնելու մասին, որը վերաբերում է նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզի տարածքին: Սա կարող է Վրաստանի համար տնտեսապես ավելի օգտակար լինել, սակայն քաղաքական առումներով օգտակար չի լինի, քանի որ այս դեպքում, բնական է, Վրաստանը պետք է հրաժարվի օկուպացված տարածքից ապրանքներ ստանալուց: Եվ այս դեպքում կմնա միակ լեգալ ճանապարհը՝ Լարսը», — ասում է Չիտաձեն:

Ըստ վերլուծաբանի՝ թեև երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումը տարբերվում է իրարից, այնուամենայնիվ, շատ ընդհանուր բան ունեն:

Չիտաձեի կարծիքով այս հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են տնտեսական հարցեր:

«Բացառված չէ նաև այն, որ Հայաստանի հեղափոխական տրամադրված կառավարությունը ցանկանա կիսել վրացական փորձը, օրինակ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության քննարկման հարցերում և այլն: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսությունն է», — ասում է Չիտաձեն:

Վերլուծաբանն առանձնացնում է համագործակցության ևս երկու կետ, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում առևտուր իրականացնելուն։ Մյուս կետը Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսված 13 մլրդ եվրոն է։ Չիտաձեն չի բացառում, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև ավտոճանապարհի վերանորոգում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում: