Լրատվամիջոցների դեմ դատական հայցերի նպատակը լրագրողներին ահաբեկելն է. TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) կազմակերպությունն արձագանքելով TV Pirveli հեռուստաընկերության և լրագրող Մայա Մամուլաշվիլիի դեմ դատարանի որոշմանը՝ հայտարարել է, որ Վրաստանում զրպարտության համար լրատվամիջոցների դեմ դատական հայցերը վտանգավոր մարտահրավեր են դարձել։

TI-ը նշել է, որ վերջին շրջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ դատական ​​հայցերի թիվը մատնանշում է հստակ համակարգված միտում, որն ուղղված է լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելուն և վախեցնելուն։

Գործը վերաբերում է TV Pirveli-ի ուղիղ եթերում լրագրող Մայա Մամուլաշվիլիի հնչեցրած արտահայտությանը, թե ընդամենը մեկ տենդերից քաղաքային իշխանության ղեկավար Կախա Կալաձեն 60 մլն է ստացել։

Հարկ է նշել, որ Կալաձեի հայցի հիման վրա դատարանը 15 հազար լարի տուգանք է սահմանել TV Pirveli հեռուստաընկերության և Մամուլաշվիլիի նկատմամբ։ 

Կալաձեի փաստաբանի խոսքով, Թբիլիսիի քաղաքապետի պահանջն էր հերքել այդ «կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը» և վճարել 100 հազար լարիի չափով բարոյական վնաս:

«Մեր հավաքած տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ տարում 28 հայց է ներկայացվել քննադատական ​​երեք առաջատար հեռուստաալիքների՝ «Մթավարի արխի»-ի, «Ֆորմուլա»-ի և TV Pirveli-ի դեմ։ Դիմողների մեծ մասը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են և նրանց մերձավորներ։ Քննադատող լրատվամիջոցների դեմ կարճ ժամանակահատվածում դատական ​​հայցերի մեծ թիվը հստակորեն վկայում է ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու և ահաբեկելուն ուղղված համակարգված միտման մասին,- նշված է TI-ի հայտարարության մեջ։

TI-ը նշել է, որ քննադատական ​​լրատվամիջոցների վրա ճնշումների նման ալիքը, որը տեղի է ունենում երկրի ժողովրդավարական զարգացման արդեն միջազգայնորեն ճանաչված հետընթացի ֆոնին լիովին հարմար է կլեպտոկրատական ​​կառավարմանը բնորոշ նշաններից մեկին, երբ փորձում են լռեցնել կոռուպցիոն թեմաներով աշխատող լրագրողներին՝ նրանց դեմ զրպարտության վերաբերյալ հայցեր ներկայացնելով դատարան:

TI-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ է անում պաշտպանել քննադատական ​​լրատվամիջոցներին և ապահովել նրա ազատ գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել սեփական ազդեցությունն օգտագործել լրատվամիջոցներին ճնշելու համար։ Ըստ կազմակերպության՝ ստեղծված իրավիճակը զգալիորեն խոչընդոտում է ժողովրդավարական զարգացմանը և վնասում Վրաստանի եվրոպական հեռանկարին։

Թբիլիսիի քաղաքապետը կոռուպցիոն սկանդալի մե՞ջ