Իսանիի շուկայի տուժած վաճառականները սպառնում են բողոքի ակցիաներով

Իսանիի այրված շուկայի տարածքում քննիչները շարունակում են աշխատել: Այրված տարածքն առանձնացվել է հատուկ պարսպով, առայժմ տուժածներին թույլ չեն տալիս մուտք գործել: Տուժած վաճառականներն «Ինտերպրեսնյուզին» ասել են, որ գրեթե ամեն ինչ այրվել է․

«Կորցրել ենք ամեն ինչ: Ներս մտնելն անիմաստ է: Մենք առաջին հերթին պահանջում ենք վնասի փոխհատուցում՝ շուկայի ղեկավարությունից, ապա  պետությունից՝ եթե օգնությունը հնարավոր է»:

Շուկայի աշխատակիցները սպառնում են բողոքի ակցիաներ սկսել, եթե իրենց պահանջները չկատարվեն: Նրանք մայրաքաղաքի իշխանություններին անգործության մեջ են մեղադրել:

Շուկայի տնօրինությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցել վնասը՝ տեղի վճարի հաշվին: Նրանք պատրաստ են որոշակի ժամկետով տեղի վճարից ազատել առևտրականներին՝ կախված վնասի չափերից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ի լուսադեմին այրվել էր Թբիլիսիի Իսանի թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի շուկան, հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է 15 տաղավար:

Վերջերս Վրաստանում միանգամից մի քանի խոշոր առևտրային կենտրոն է այրվել: Նախ «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնը, ապա Էլիավայի շինանյութերի և ավտոմասերի խոշոր կենտրոնի մի մասը, նաև Փոթի նավահանգստային քաղաքի առևտրի շուկան, իսկ տարեսկզբին այրվել է նաև second hand հագուստի պահեստը և Շարավանդի ընկերության տպագրության շենքը:

Թողնել պատասխան