Հայաստանի և Վրաստանի կրթական գերատեսչությունները համաձայնագիր են կնքել

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում է: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը։

Այցի շրջանակներում Չխենկելին հայ գործընկերոջ հետ աշխատանքային հանդիպմանը քննարկել է կրթության և գիտության ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցերը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Անդրեասյանին կրթության ոլորտում երկար տարիների արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման շրջանակներում նախարարները քննարկել են երկու երկրների կրթական համակարգերի աջակցության մեխանիզմները, այդ թվում՝ ուսուցիչների աջակցությունը նրանց որակավորման բարձրացման և մասնագիտական ​​զարգացման ուղղությամբ, անդրադարձել են նաև աշակերտների և ուսանողների փոխանակման ծրագրերին, երիտասարդական տարբեր միջոցառումների կազմակերպմանը։

Չխենկելին հայ գործընկերոջ հետ քննարկել է բարձրագույն կրթության և գիտության ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը, ինչը նշանակում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի և հայոց լեզվի և գրականության ուսուցման ամրապնդում և համատեղ գիտական ​​նախագծերի իրականացման խթանում: Նախարարի խոսքով, լավ կլինի, որ ավելի խորանան Աբասթումնիի Էվգենի Խարաձեի անվան աստղաֆիզիկական աստղադիտարանի և Հայաստանի Բյուրականի աստղադիտարանի միջև գոյություն ունեցող ավանդական գիտական ​​կապերը։

Հայ գործընկերոջ հետ հանդիպմանը Չխենկելին տեղեկացրել է նաև, որ «Քարթու» հիմնադրամի (պատկանում է վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին) ֆինանսավորմամբ Քութայիսիի միջազգային համալսարանի բազայի վրա կառուցվում է հադրոնային թերապիայի կենտրոն, որտեղ միջազգային գիտական ​​շրջանակները կներգրավվեն ուռուցքաբանության և պրոտոնային թերապիայի ուղղությամբ հետազոտությունների գործընթացում։ Նախարարի խոսքով, վրացի և հայ գիտնականները կենտրոնում կարող են համատեղ գիտական ​​նախագծեր իրականացնել։

Իր հերթին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը դրական է գնահատել վրացական կրթական համակարգի մեգանախագիծը և պատրաստակամություն հայտնել համագործակցել այս ուղղությամբ։

Բացի այդ, Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ Չխենկելիին՝ Վրաստանում ապրող հայերին աջակցելու և պետական ​​լեզվի ուսուցմանը նպաստելու համար։ Նրա խոսքով, պետական ​​լեզվի ուսուցումը զգալիորեն նպաստում է Վրաստանում ապրող հայերի՝ հասարակության մեջ առավելագույն ինտեգրմանը։

Հանդիպումից հետո Վրաստանի կրթության և գիտության նախարար Չխենկելին և Անդրեասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է սերտ գործընկերություն Վրաստանի և Հայաստանի միջև ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ​​և բարձրագույն կրթության ոլորտում:

Փաստաթուղթը, մասնավորապես, կնպաստի երկու երկրների բարձրագույն ուսումնական, գիտական ​​և հետազոտական ​​հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ուսանողների համար կառաջարկի փոխանակման ծրագրեր՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում ուսումը շարունակելու և կրթաթոշակներ տրամադրելու համար: Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Վրաստանի և Հայաստանի բուհերում՝ վրացագիտության և հայագիտության կենտրոններ ստեղծելու նպատակով։

Նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին, փոխնախարարներ Վալերիան Գոբրոնիձեն և Նունու Միցկևիչը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և հայկական պատվիրակության այլ ներկայացուցիչներ։