Թբիլիսին հերքում է պատժամիջոցային ապրանքների տարանցման հարցով Չեխիայի դեսպանի հայտարարությունը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։

Ըստ Եկամուտների ծառայության՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով Չեխիայից Ռուսաստանի Դաշնություն ներմուծված ապրանքների արտահանման մասին հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ տեղեկատվություն է։

Ի դեպ, Միկիսկան ասել է, որ 2022 թվականին չեխական արտադրանքի արտահանումը Վրաստան գրեթե կրկնապատկվել է, միևնույն ժամանակ վստահութուն է հայտնել, թե տարբերության առնվազն մի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Եկամուտների ծառայության տվյալներով, ԵՄ երկրներից, այդ թվում՝ Չեխիայից, Վրաստան ապրանքների ներմուծումը փաստացի աճել է, ինչը ողջունելի է հատկապես տնտեսական ակտիվության կրճատումից և համավարակի վրա ազդեցությամբ պայմանավորված սահմանափակումներից հետո։

«Միևնույն ժամանակ, հայտարարում ենք, որ Վրաստանը խստորեն հաշվի է առնում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված սահմանափակումները (Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նկատմամբ, խմբ․)։ Պատժամիջոցների ենթարկված երկրների ապրանքները, ինչպես նաև ցանկացած մաքսային գործառնություն (ներառյալ տարանցումը, արտահանումը և վերաարտահանումը), որոնք կարող են իրականացվել պատժամիջոցների ենթարկված անձանց կամ ընկերությունների կողմից, Վրաստանում ենթակա են հատուկ մաքսային հսկողության:

Ըստ այդմ, նշված պատժամիջոցների գործողության ընթացքում կան հարյուրավոր դեպքեր, երբ մերժվում են Եվրամիությունում (ներառյալ Չեխիան) արտադրված ապրանքները Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից Չեխիա և ԵՄ այլ երկրներ տեղափոխումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Եկամուտների ծառայության տվյալներով՝ ցանկացած երկրի հետ Վրաստանի արտաքին առևտրի (ներառյալ ներմուծման) վիճակագրական տվյալները հանրային տեղեկատվություն են և հասանելի են շահագրգիռ կողմերին, ինչպես նաև Վրաստանի բոլոր գործընկերներին։

Գործակալության տվյալներով՝ այս ֆոնին զարմանալի և անհասկանալի է, որ Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պնդումների տեսքով չստուգված, կեղծ տեղեկատվություն է տարածում և առանց որևէ ապացույցի կասկածի տակ է դնում Վրաստանին՝ որպես վստահելի գործընկեր երկրի։