Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղարիբաշվիլիին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից:

Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»:

Արևմտյան Վրաստանի Ռաճայի բարձր լեռնային շրջանում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում։ Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։

Զոհերի թիվը հասել է 11-ի, ավելի քան 30 մարդ անհետ կորած է համարվում։

Փրկարարներն աղետի գոտուց անվնաս դուրս են բերել ավելի քան 200 մարդու։ Վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ փրկարարական խմբին է միացել նաև բանակը:

Ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: