Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կժամանի Թբիլիսի՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումին։ Այս տարի ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 26-27-ը` չորրորդ անգամ։ Այս տեղեկությունը նշված է ֆորումի միջոցառումների կայքում։

Ֆորումի մասնակիցների թվում են Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կալասը, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը, Սերբիայի առևտրի նախարար Տոմիսլավ Մոմիրովիչը, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Ահմեդ Ալ Զայեդը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամեդ Ալ Բուդայվին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ Մակքին։

Համաժողովը բացելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ֆորումի կարգախոսն է. «Միանալ այսօր, արձագանքել վաղը»։

«Մետաքսի ճանապարհ» ֆորումը Վրաստանում անցկացվել է 2015, 2017 և 2019 թվականներին։ Այս տարվա ֆորումին կմասնակցեն մինչև երկու հազար պատվիրակներ 60 երկրներից, այդ թվում՝ հայտնի լրագրողներ, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Ֆորումը կկենտրոնանա այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են առևտրի դյուրացումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, թվային հաղորդակցությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները և էներգետիկան: