Փոփոխություններ 2021 թվականի պետբյուջեում. նախարարությունների ֆինանսավորումը կավելանա

Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել 2021 թվականի բյուջեի փոփոխություններին: Ճշգրտված բյուջեի տարբերակը հիմնված է 7.7% տնտեսական աճի կանխատեսման վրա: Մինչ այժմ Վրաստանի կառավարության տնտեսական աճի կանխատեսումը 3.4% էր:

Համեմատաբար բարձր տնտեսական աճի սպասումներին համահունչ, կառավարությունը ակնկալում է նաև եկամուտների աճ, ինչով էլ պայմանավորված փոխվել են բյուջեի ծախսերի տվյալները:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեի խոսքով՝ բյուջեի ավելացման երեք հիմնական նպատակ կար.

  • Բյուջեի դեֆիցիտի նվազում,
  • Տնտեսության վերականգնման խթանում,
  • COVID-19- ի և դրան կից առողջապահական միջոցառումների կառավարում:

Ինչ է փոխվում ըստ ճշգրտված բյուջեի

Խորհրդարանի կողմից հաստատված 2021 պետբյուջեի լրամշակված տարբերակում կան մի քանի կարևոր փոփոխություններ.

  • Բյուջեի ընդհանուր եկամուտներն աճում են 1,17 միլիարդ լարիով մինչև 17,93 միլիարդ լարի:
  • Բյուջեի հատկացումները, այսինքն` ծախսերի ծավալն աճում է 1,11 միլիարդ լարիով և կազմում է 19,5 միլիարդ լարի:
  • Բյուջեի դեֆիցիտը 7.6% -ից իջեցվում է 6.9%:
  • Պետական ​​պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազում է մինչև 54.6%:

Նախարարություններ, որոնց բյուջեն ավելանում է

Նախագծի համաձայն՝ Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարը նախնական հաստատված բյուջեի համեմատ աճել է 600 միլիոն լարիով և հասել 6,09 միլիարդ լարիի:

COVID-19- ի կառավարման բյուջեն ավելացել է 446 միլիոն լարիով՝ 846 միլիոն լարի, ներառյալ ավելի քան 150 միլիոն լարի՝ COVID-19 պատվաստումների պլանի համաձայն, բնակչության 60%-ի համար պատվաստանյութեր գնելու համար:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ֆինանսավորումը կավելանա 36 միլիոն լարիով և կկազմի 642.8 միլիոն լարի:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորումը ավելացել է 90 միլիոն լարիով և կկազմի է 2.46 միլիարդ լարի:

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորումը կավելանա 177 միլիոն լարիով և կկազմի 628,58 միլիոն լարի:

Բյուջեի ճշգրտումից հետո Պաշտպանության նախարարությունը կստանա լրացուցիչ 30 միլիոն լարի, իսկ նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 930 միլիոն լարի:

Ինչպես հայտնի է, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն բաժանվել է երկու գերատեսչության, չնայած դրա ֆինանսավորման մասին տեղեկատվությունը բյուջեում տրված է ամբողջական: Վերանայված փաստաթղթի համաձայն, ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորումը կավելանա 75 միլիոնով և կկազմի 1,87 միլիարդ լարի:

Ֆինանսավորումը կավելանա նաև Արդարադատության նախարարության համար, որը կստանա 60 միլիոն լարի ավելի: Նախարարության ընդհանուր բյուջեն կլինի 296,5 միլիոն լարի:

Կավելանա նաև Վրաստանի ԿԸՀ-ի ֆինանսավորումը: Փոփոխությունների համաձայն 93,7 մլն լարիով կավելանա Վրաստանի մունիցիպալիտետների ֆինանսավորումը:

Օրենսդիր մարմինը միաձայն է հաստատել ընթացիկ տարվա բյուջեի լրամշակված տարբերակը՝ 85 ձայնով:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։