Վրաստանում պատվաստվածների 67%-ը կանայք են, 33%-ը՝ տղամարդիկ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, երկրում պատվաստվածների ընդհանուր թվի 67 տոկոսը կազմում են կանայք, 33 տոկոսը՝ տղամարդիկ: Հաշվետվությունը ներառում է մարտի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը:

Հուլիսի 15-ի դրությամբ, Վրաստանում առողջապահական հատվածում աշխատող 16 486 մարդ է պատվաստվել:

Ինչ վերաբերում է շրջաններին, հուլիսի 15-ի դրությամբ, պատվաստանյութի ամենաշատ դեղաչափ օգտագործվել է մայրաքաղաք Թբիլիսիում (202 904), Աջարիայում (34 848) և Իմերեթիում (27 262):

Վրաստանում մինչ հուլիսի 15-ն անցկացրած պատվաստումների 40 տոկոսն իրականացվել է Sinopharm-ով, 26%՝ Astrazeneca-ով, 25%՝ Sinovac-ով, իսկ 9%՝ Pfizer- ով: