Պոմպեոյի այցը Վրաստան. հիմնական ուղերձներն ու արձագանքը

Նոյեմբերի 18-ին ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի երկօրյա այցը Վրաստան: Վերջինս հասցրեց հանդիպել  Վրաստանի վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարքի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Երկրում, որտեղ քաղաքական ճգնաժամ է, ինչի մասին ակնհայտ խոսում են նաև ԱՄՆ-ում (հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքները չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցությունները), հատկապես սպասում էին այս այցին:

Միաժամանակ, ժամանակային  առումով այցը համընկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Ռուսաստանի՝ տարածաշրջանում ավելի մեծ ներկայության հետ: Ռուսաստանի ստեղծած «պարտադրված խաղաղության» տակ կողմերի ստորագրելուց հետո սա ԱՄՆ բարձրագույն պաշտոնյայի առաջին այցն էր տարածաշրջան:

Քննարկման հիմնական թեմաները եղել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական հարաբերությունների գրեթե բոլոր ուղղությունները, ԱՄՆ-ի առավել շատ ներգրավվածությունը Վրաստանում:

Պոմպեոյի հանդիպումների մասնակիցների ընտրության հետ կապված քննադատություններ էին հնչում դեռևս օրեր առաջ. Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին քննադատել էր Պոմպեոյին ընդդիմության հետ չհանդիպելու պատճառով:

Այցն ընթացավ ընդդիմադիրների ցույցերի ֆոնին. պետքարտուղարին արդեն օդանավակայանում դիմավորեցին «Բարի գալուստ երկիր, որտեղ ընտրությունները հաղթել է Պուտինը» գրությամբ պաստառներով, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 18-ին, փակելով կենտրոնական Ռուսթավելիի պողոտան,  լուռ ցույց անցկացրին՝ երթով շարժվելով դեպի խորհրդարանի տարածք: Ցույցի նպատակը պետքարտուղարի աշխատակազմի ուշադրությունը գրավելն էր, ինչն էլ հաջողվեց՝ Պոմպեոյի մեկնելուց հետո նրա տեղակալը տեղեկացրեց, որ կհանդիպի ընդդիմության հետ:

ԱՄՆ պետքարտուղարը հեռացել է Թբիլիսիից՝ առանց լրագրողներին մեկնաբանություններ տալու: Վերջին հանդիպումը կայացել է ՀԿ-ների հետ, որտեղ ըստ ներկաների, ընտրությունների արդյունքները չեն եղել հիմնական թեման, հիմնականում խոսվել է դատական համակարգի մասին:

Հիմնական ուղերձները

Պոմպեոյի հանդիպումների ընթացքում հիմնական ուղերձը ԱՄՆ-ի պատրաստակամությունն էր Վրաստանում ուժեղացնել ռազմավարական հարաբերությունների ճյուղերը: Այս մասին նախապես խոսում էին փորձագետները, հիմա ևս մեկ անգամ հաստատում են։

Ալիք Մեդիայի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախտանգ Մաիսայան նշել էր, որ Պոմպեոյի այցն ուղիղ կապ ունի տարածաշրջանում Վրաստանի միջոցով դիրքերն ուժեղացնելու հետ:

«Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում, սա Պուտինի ձեռագիրն է. մեկ օրում նա մի քանի կարևորագույն փաստաթուղթ է ստորագրել՝ Ղարաբաղում ստիպողաբար խաղաղություն սահմանել, սրանով էլ ավելի ամրացրել դիրքերը ողջ տարածաշրջանում: Միաժամանակ, հատկանշական է նաև Սուդանում իր դիրքերն ամրացնելու փաստաթղթի ստորագրումը. այսպիսով ուղիղ մարտահրավեր է նետել նաև Թուրքիային և ձեռք է բերել ատոմային զենքի հետ կապված պայմանավորվածություն, ինչն ուղիղ մարտահրավեր է ԱՄՆ-ին»,- ասում է Մաիսայան:

Այցին անդրադարձել է նաև վերլուծաբան Վախթանգ Ձաբիրաձեն: Նրա խոսքով՝ այսօրվա քննարկված թեմաները՝ երկրի անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը, ՆԱՏՕ ինտեգրումը, ներքին ժողովրդավարությունը, միշտ էլ քննարկվել են կողմերի միջև.հանրայնորեն բնականաբար չէին քննարկվի տարածաշրջանի իրավիճակը ու դրանում Վրաստանի դերը:

Ընդդիմության ու իշխանության արձագանքը

Պոմպեոյի այցից հետո հիմնականում քննարկումներ ծավալվեցին երկրում հետընտրական վիճակի հետ կապված. իշխանությունն ընդգծում է՝ ԱՄՆ պետքարտուղարը ուղիղ կերպով չի պատրաստվում միջամտել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամային խնդիրները լուծելու մեջ, սակայն փաստերը հակառակն են ապացուցում:

Նոյեմբերի 20-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ ԱՄՆ, ԵՄ դեսպանները հանդիպել էին ընդդիմության ներկայացուցիչների հետ, Պոմպեոյի մեկնելու օրը կայացավ նաև նրա տեղակալի ու ընդդիմության հանդիպումը: Երկու դեպքում էլ քննարկվել են քաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհները:

«Մենք ինստիտուտներ չունենք» այսպես էր պատասխանել ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն պետքարտուղարի տեղակալի առաջարկին՝ «բոլոր խնդիրները լուծելի են ինստիտուտների միջոցով»:

Ի վերջո, ինչու՞ Պոմպեոն այցելեց Վրաստան։

Վախտանգ Մաիսայայի խոսքով՝ այստեղ կա 4 հիմնական կետ: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն են, երկրորդը՝ Թրամփը որոշում է կայացրել զորքերը հանել Աֆղանստանից ու Իրաքից, Մաիսայայի կարծիքով հավանական հետադարձի տարանցիկ միջանցքի դերը կկատարի Վրաստանը:

«Երրորդը՝ Պոմպեոն եկել էր Իրանի շուրջ հարցերը լուծելու համար, որովհետև Թրամփն ուզում է խստացնել Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները: Չորրորդը՝ Պոմպեոն դեկտեմբերին կոնգրեսմեններին ու սենատորներին պետք է ներկայացնի երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու այս ուղղությամբ իր գործունեությունը: Այս շրջայցի համար նա ընտրել է վերջին տարիներին ոչ այնքան հաջողակ արդյունքներով երկրները: Վերջին իրադարձությունները Կովկասում չի կարելի ԱՄՆ-ի համար դրական համարել: Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույնիսկ պատերազմի արդյունքների հետ կապված միասնական հայտարարությամբ են հանդես եկել, որովհետև հայտնվել են Ռուսաստանի ստորագրած կրակի դադարեցման փաստաթղթից դուրս»,- ասում է Մաիսայան:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստան էր այցելել նոյեմբերի 17-ին՝ երկօրյա այցով:  Վերջինս անցկացրած հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ իր աջակցությունն էր հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, կարևորել Վրաստանի դերը տարածաշրջանում: Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց հերթին ակնկալում են ԱՄՆ-ի առավել ներգրավվածություն Վրաստանում: