Ռազմական հակամարտություն, ինչն ուզում է Վրաստանը, չի լինի. Բիբիլով

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հավատացնում է, որ Ծնելիսի գյուղի հարակից տարածքում Վրաստանի ոստիկանության ներկայությամբ ստեղծված իրավիճակից ելնելով, «հանրապետությունում» իրավիճակը սկսել է լարվել: Նա ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է ֆեյսբուքյան օգտատերերի մի մասին և «իշխանությունից նեղացած» մարդկանց: Այս մասին Բիբիլովը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ուզում եմ բոլորին բացատրել, որ ոչ մի տեսակի ռազմական հակամարտություն, ինչն ուզում է վրացական կողմը, չի լինելու»,- գրել է Բիբիլովը:

Նրա խոսքով բամբասանք է, թե նա տարածաշրջանից հեռացրել է ընտանիքին: Նրա պնդմամբ, ընտանիքի բոլոր անդամները տեղում են, բացառությամբ ավագ որդու, որը մոր հետ միասին ուղևորվել է արտասահման՝ սովորելու նպատակով: Բիբիլովի հայտարարությամբ, բնակչությանը վտանգ չի սպառնում, նրանց պաշտպանում են սահմանապահները:

Օսական կողմը Վրաստանի իշխանություններին ժամանակ էր տվել մինչև օգոստոսի 30-ի առավոտյան ժամը 6-ը՝ Ծնելիսի գյուղից ոստիկաններին հանելու համար, ինչը վրացական կողմը չի իրականացրել:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Կախաբեր Քեմոկլիձեն հայտարարում էր, որ օսական կողմից սպառնալիքներով խոսելն անհասկանալի և անընդունելի է:

Այս պահանջը չկատարելու դեպքում Բիբիլովը խոստացել է, որ օսական կողմը Ծնելիսի գյուղ նույնպես ոստիկաններ կուղարկի: