ՌԴ քաղաքացիների՝ Վրաստան մուտք գործելու դեմ արշավն այլատյացություն է

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Ռուսաստանի քաղաքացիների՝ Վրաստան մուտք գործելու դեմ արշավն այլատյացության տրամադրություններ է առաջացնելու։

Պապուաշվիլին նշել է, որ վերջին տարիների համեմատ՝ Վրաստան մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների թիվը և վիզաների տրամադրումը չի փոխվել։

«Ես զարմացած եմ, որ որոշ հասարակական կազմակերպություններ ներգրավված են այլատյացության տրամադրություններ առաջացնող ակցիաներում, քաղաքական կուսակցությունների հետ միասին նրանք հրահրում են այլատյացություն, ուրիշ ոչինչ»,- ասել է Պապուաշվիլին:

Ըստ խորհրդարանի նախագահի՝ հետազոտությունները հաստատում են, որ հիմնականում երիտասարդներ են գալիս Վրաստան, ովքեր լավ եկամուտ ունեն, նրանք հիմնականում տեղեկատվական, մշակույթի, կառավարման ոլորտներից են.

«Սա այն միջին խավն է, որը եկել է Ռուսաստանից, որովհետև նրանք ուզում են կայունություն, ժողովրդավարություն, ազատություն, որը կա մեր երկրում»։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունիսին Վրաստան է մուտք գործել մոտ 135 հազար ՌԴ քաղաքացի։

Նշենք՝ Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պահանջում է վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։

Պահանջում են վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար