Ռուսական ռազմաբազաները հուսալիորեն ապահովում են Հվ. Օսիայի անվտանգությունը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ախսար Ջիոևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն ակտիվորեն կօգնի  Հարավային Օսիային՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման հարցում։

Լավրովը նշել է, որ երկուստեք քաղաքական երկխոսությունը շարունակում է ինտենսիվ զարգանալ։

«Մենք կանոնավոր կապեր ենք հաստատել արտաքին գործերի նախարարությունների, նախագահի աշխատակազմերի, նաև` խորհրդարանական մակարդակով, և ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովի հրավերով Մոսկվա կատարելիք այցի համար»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով, ներդրումային նախագծերը հաջողությամբ են իրականացվում։

«Մենք բարձր ենք գնահատում ձեր հավասարակշռված և օբյեկտիվ դիրքորոշումն այն մասին, թե ինչ է կատարվում հատուկ ռազմական գործողության շրջանակներում՝ երկու հանրապետությունների և երկու շրջանների անկախության հռչակման հարցում։ Մենք համագործակցում ենք անվտանգության ոլորտում։ Ռուսական ռազմաբազաները հուսալիորեն ապահովում են Հարավային Օսիայի Հանրապետության անվտանգությունը. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության աշխատակիցներն աշխատում են սահմանների վրա»,- ասել է Լավրովը։