Իշխող թիմում ՌԴ քաղաքացիների մուտքի հետ կապված վտանգ չեն տեսնում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանի փակումը ճիշտ չի լինի, և դա առաջին հերթին կվնասի վրացիների շահերին։

Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի ազգային անվտանգության շահերը պաշտպանված են եղել, ապագայում էլ` պաշտպանված կլինեն մինչև վերջ։

«Իհարկե, մեզ համար սկզբունքորեն կարևոր է պաշտպանել Ռուսաստանում ապրող և Վրաստանը լքած մարդկանց շահերը: Բոլոր հարցերը պետք է կշռադատվեն, սա պետական ​​կառույցների գործն է, և նրանք պատասխանատվություն են կրում դրա համար: Ռուս-վրացական պետական ​​սահմանը չփակելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր համաքաղաքացիներն ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, և նրանք նույնպես շատ են ցանկանում մուտք գործել Վրաստան»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն անդրադարձել է ռուսաստանցիների մեծաթիվ մուտքին Վրաստան և նշել է, որ այս փուլում ինքը վտանգ չի տեսնում։

Ըստ Բուրճուլաձեի, հսկողությունն անցակետերի նկատմամբ խստացվել է։

«Մինչ այժմ խիստ հսկողություն էինք իրականացնում սահմանային անցակետերի նկատմամբ, թե ուր էին գնում զբոսաշրջիկները, ինչ միջոցներով և այլն։ Այսօր այդ հսկողությունն էլ ավելի մեծ ռեսուրսներով է խստացվել, և այս փուլում սպառնալիքներ չենք տեսնում»,- հավելել է ՊՆ նախարարը։

Լարսում զորահավաքի կետ կստեղծվի