Ryanair-ը Իտալիայից դեպի Վրաստան չվերթները կրճատում է, որոշները՝ չեղարկում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Ryanair ավիաընկերությունը որոշում է կայացրել Իտալիայից դեպի Վրաստան չվերթները կրճատել, որոշները՝ չեղարկել։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

«Այս փոփոխություններից տուժած բոլոր հաճախորդները ծանուցվել են՝ տոմս վերադարձնելու կամ թռիչքի ամսաթիվը փոխելիս լրիվ փոխհատուցման հնարավորության մասին», — ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Ավիաընկերության հաղորդմամբ՝ Միլանից Թբիլիսի չվերթները տեղի կունենան մինչև մարտի 7-ը, իսկ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածի համար չվերթները երկու անգամ կկրճատվեն։

Քութայիսիից Բոլոնյա չվերթները նույնպես կկայանան մինչև մարտի  7-ը, իսկ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված չվերթները կչեղարկվեն։

Նույնատիպ սահմանափակումներ ընկերությունը կիրառում է Իտալիայից դեպի այլ երկրներ չվերթների պարագայում ևս։