Սաակաշվիլիի հետ շփված անձանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Չխաիձե

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ շփված անձնակազմից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ըստ Չխաիձեի՝ այժմ սպասում են փաստաբանների PCR թեստի պատասխաններին։

«Մեր համաճարակաբանական ծառայությունն ավարտել է հետաքննությունը»,- ասել է Չխաիձեն։

Խոսելով երրորդ նախագահի վիճակի մասին՝ Չխաիձեն նշել է, որ Սաակաշվիլիի մոտ վիրուսը կայուն է, նրա ֆիզիոլոգիական պարամետրերը, հեմոդինամիկ և շնչառական ցուցանիշները կայուն են։ Չխաիձեն չի հաստատել նաև Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի տարածած տեղեկությունը, թե Սաակաշվիլին մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը։

«Ոչ մի անգամ բժիշկը ուշագնացության դեպք չի արձանագրել, բուժքույրը նրա կողքին է 24 ժամ»,- ասել է «Վիվամեդ» կլինիկայի տնօրենը:

Նշենք, որ Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին: Փաստաբանը հունվարի 24-ին տեղեկություն էր տարածել Սաակաշվիլիի կորոնավիրուսով վարակվելու մասին։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։

Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:

Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է  Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։