Ռատի Բրեգաձեն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Հայաստան կատարած այցի շրջանակներում եղել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արդարադատության նախարարությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ արդարադատության նախարարը ստուգել է ենթակառուցվածքները, զրուցել «Արմավիր» քրեակատարողական բանտում իրենց պատիժը կրող Վրաստանի քաղաքացիների հետ։ 

Վրացական պատվիրակությունը ստուգել է նաև քրեակատարողական հիմնարկի առողջապահական և խոհանոցային հատվածները։ 

«Արմավիրի քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքների վերազինման գործընթացն ընթացքի մեջ է, տեղադրվել է տեսահսկման նոր համակարգ և վերանորոգվել է բանտի մի հատվածը»,- ասված է հաղորդագրություն մեջ։

Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների՝ Հայաստանում պատիժ է կրում Վրաստանի 7 քաղաքացի։

Հիշեցնենք, որ վրացական պատվիրակությունն արդեն երկրորդ օրն է Հայաստանում է։ Այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։