Սաակաշվիլիի թունավորումը շահարկման առի՞թ, թե՞ իշխանությունների մեղքի վկայություն. կարծիքներ

Վրաց վերլուծաբանների տեսակետները հակասական են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման վերաբերյալ: Նրանց մի մասը կարծում է, որ Սաակաշվիլիի թունավորման մասին լուրերը շահարկումներ են, մյուս մասը կարծում է, որ այստեղ շահարկման նշույլ անգամ չկա, և առողջական վիճակի վատթարացման ու թունավորման համար մեղադրում են իշխանություններին:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ այն, որ Սաակաշվիլիի առողջական վիճակն այսօր վատ է, և դրա մեղավորը Վրաստանի իշխանություններն են` փաստ է: Ըստ նրա՝ ամեն դեպքում խոսքը մարդկային կյանքի և առողջության մասին է, և պետք է արժանի ուշադրություն դարձվի դրան:

«Իմ կարծիքով, իշխանությունները պետք է հասկանան, որ այնպիսի առողջական վիճակում և այնպիսի պայմաններում, որ գտնվում է Սաակաշվիլին՝ շատ անհամատեղելի են»,- ասում է Վասաձեն:

Իսկ ահա վերլուծաբան Զաալ Անջափարիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պնդում է, որ Սաակաշվիլիի թունավորման մասին լուրերը, անկասկած, շահարկումներ են: Վերլուծաբանի խոսքով, այդ իրավիճակը մեկ նպատակ է հետապնդում՝ ամեն կերպ Սաակաշվիլիին բանտից հանել և Վրաստանից դուրս տանել:

Ըստ Անջափարիձեի՝ Վրաստանի իշխանությունները պետք է Սաակաշվիլիի առողջական վիճակը հետազոտելու համար այլընտրանքային, անկախ փորձաքննություններ անցկացնեն:

«Սաակաշվիլին հերքում է, մերժում է այս ամենը. ինչը, բնականաբար, հիմք է տալիս կարծելու, որ թունավորման ու այլևայլ պատրվակները շահարկումներ են նրան ազատ արձակելու կամ այլ երկիր տեղափոխելու համար»,- ասում է վերլուծաբանը:

Վերլուծաբանի խոսքով, այս համատեքստում պետք է սպասել նաև Վրաստանի արևմտյան գրոծընկերների արձագանքներին, քանի որ վերջիններս նույնպես ինչ–որ չափով լծված են Սաակաշվիլիի ազատ արձակման և նրան այլ երկիր տեղափոխելու գործին:

Ի դեպ, նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին ասել էր, որ կասկածելու հիմք կա, թե Սաակաշվիլին թունավորված է:

Ավելի ուշ Սաակաշվիլին հայտնել էր, որ իր փաստաբաններից ոչ մեկին երբեք չի ասել, թե կասկածում է, որ թունավորել են իրեն: Ըստ Սաակաշվիլիի՝ այդ հարցի շուրջ շահարկումները տեղին չեն:

Թունավորման մասին շահարկումները տեղին չեն. Սաակաշվիլի — AliQ Media

«Փորձագետներն ուղղակիորեն նշում են, որ թունավորում բնութագրող նշանները` այն տարրերը, որոնք հետազոտության արդյունքում հայտնաբերվում են Միխեիլ Սաակաշվիլիի մարմնում, հիմք են տալիս ասելու, որ Սաակաշվիլին թունավորված է, այլապես նման հիվանդություն չէր զարգանա»,- ասել է փաստաբանը:

Ի դեպ, նույն կասկածն էր հայտնել նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։

Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի — AliQ Media

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է։ Ըստ Դեգնանի՝ իրենք շարունակելու են մոնիտորինգը, որպեսզի Սաակաշվիլին ստանա այն ամենը, ինչին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի, և ինչը սահմանված է Սահմանադրությամբ։

Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է. ԱՄՆ դեսպան — AliQ Media

Նոյեմբերի 20-ին Թբիլիսիի կառավարության շենքի մոտ ակցիա է անցկացվել՝ Սաակաշվիլիին աջակցելու նպատակով։ Ըստ տեղեկությունների՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատ է, և նա պատշաճ բուժում չի ստանում, ուստի անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր։ Ըստ նրանց՝ դրա մասին են վկայում մի շարք հետազոտությունների արդյունքներ։

Ցույց Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի — AliQ Media

Նոյեմբերի 23-ին, ի պաշտպանություն Սաակաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի մոտ ցույց անցկացվեց։ Ցույցի ժամանակ մասնակիցները հիշել են «Վարդերի հեղափոխության» 19-րդ տարեդարձը և պահանջել ազատ արձակել Սաակաշվիլիին։

Ուկրաինայի ռադայի պատգամավոր, Սաակաշվիլիի գործընկեր Լիզա Յասկոյի խոսքով՝  Սաակաշվիլիի առողջական վիճակը մշտապես շահարկումների առարկա է, որին պետք է վերջ տալ։ Նրա խոսքով, մարդու կյանքը չի կարելի շփոթել քաղաքականության հետ։