Սահմանափակումների խախտման համար 1 օրում 1 634 անձ է տուգանվել

Վրաստանում ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին  քովիդ-սահմանափակումների խախտման 1 634 դեպք է արձանագրվել:

Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված` խստացվել է սահմանափակումների վերահսկողությունը. ուժի մեջ է  բաց ու փակ հանրային վայրերում դիմակի ռեժիմն ու երեկոյան ժամերին դրսում  տեղաշարժի արգելքը: Միայն նախօրեին դիմակի պահանջն անտեսելու համար 1 359 մարդ է տուգանվել (20 լարի` մոտ 6 դոլար),  ևս 173 կրկնակի տուգանվել է դիմակ չկրելու համար (40 լարի):

Նախորդ գիշերվա ընթացքում պարետային ժամը խախտելու համար 102 տուգանք է նշանակվել:

ՆԳ նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Հիշեցնենք՝ դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով, կրկնելու դեպքում՝ 40 լարի: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: