Սահմանված բոլոր հարկերը պետք է վճարվեն պետական բյուջե. վարչապետ

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սահմանված բոլոր հարկերը պետք է վճարվեն պետական բյուջե», — այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Իբերիա» և «Օմեգա Գրուպ» ընկերությունների մասին խոսելիս։

Ըստ վարչապետի, քննչական մարմինները համապատասխան գնահատական կտան ձայնագրությունների հետ կապված զարգացումներին ևս:

«Ինչ վերաբերում է Վրաստանում բիզնեսի և նրա շահերի պաշտպանությանը, ապա դա բոլորի համար պարզ է և դա հաստատում է մեր դիրքորոշումը միջազգային վարկանիշում: Սակայն այն, ինչի ականատեսն ենք հիմա, կարծես ծառայում է նախընտրական շրջանում հասարակական կյանքում լարվածություն առաջացնելուն», — ասել է Մամուկա Բախտաձեն:

Հիշեցնենք, որ «Իբերիա» հեռուստաընկերության և «Օմեգա գրուպի» շուրջ ծավալված իրադարձությունները կառավարությունը համարում է, որպես հարկերից ազատվելու միջոց: Հատկանշական է, որ այսօր հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը։