«Սաիրմե»-ի աշխատողները գործադուլ են հայտարարել

Վրաստանում «Սաիրմե» ապրանքանիշի անվան տակ գազավորված հանքային և ոչ գազավորված աղբյուրի ջուր արտադրող ու արտահանող Sairme Mineral Waters գործարանի աշխատակիցները լայնամասշտաբ գործադուլ են անում, հայտարարել է արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն։

Աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի 30 տոկոսով բարձրացում, տարեկան ինդեքսավորում, անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում և անձնակազմի հետ կոլեկտիվ պայմանագրի կնքում։ Աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը մեղադրում են նաև ձեռնարկությանը սնանկության հասցնելու մտադրության համար, ինչի պատճառով գործարանը հաճախ պարապուրդի է մատնված։

Դիասամիձեի պնդմամբ՝ գործարանում ջեռուցում չկա, հակասանիտարական պայմաններ են տիրում, էլեկտրական լարերը անսարք են, բեռնափոխադրումների վերելակը չի գործում, իսկ ահա Վրաստանի աշխատանքի տեսչության անցած տարեվերջին կատարված ստուգմամբ խախտումներ չեն հայտնաբերվել։

Նրա խոսքով, սեպտեմբերի կեսերից բանակցություններ են ընթացել աշխատակիցների և ընկերության ղեկավարության միջև, նախարարությունից միջնորդ է նշանակվել, սակայն չի հաջողվել պայմանավորվել, որից հետո սկսվել է աշխատակիցների ահաբեկումը։

Հարկ է նշել, որ ընկերության ղեկավարությունը դեռևս պատասխան հայտարարություն չի արել։

Ի դեպ, Sairme Mineral Waters-ի ջրի աղբյուրները գտնվում են Վրաստանի հարավ-արևմտյան Բաղդաթիի մունիցիպալիտետի տարածքում՝ մոտ 950 մ բարձրության վրա՝ համանուն հանգստավայրի մոտ գտնվող կիրճում։ Գործարանային եղանակով ջուրն առաջին անգամ շշալցվել է 1945 թվականին։ 1998 թվականից՝ սեփականաշնորհումից հետո, սկսվել է գործարանի արդիականացումը։ 2013 թվականից ջուրն արտահանվում է։