Շաբաթվա վրացական խճանկար

«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝

  1. Մայիսի 13-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարեց, որ Վրաստանի կառավարությունը պետք է առավելագույնս աջակցի ագրոարտադրողներին և փուլ առ փուլ հարկերից ազատի էկոլոգիապես մաքուր  ապրանքի ոլորտը: Կառավարության ղեկավարը նաև նշել է ֆերմերների աջակցության պետական ծրագրի կարևորության մասին: Նա հիշեցրել է, որ արդեն որոշ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, իսկ մոտ ապագայում իշխանությունները խոստանում են ավելացնել երկրի արևմուտքում խաղողագործության սուբսիդավորման ծավալները:
  2. Կրթության բարեփոխման շրջանակներում, դպրոցների ուսուցման որակի բարձրացման նպատակով, կրթության նախարարությունը ներկայացրեց ընդհանուր կրթության ուղղությամբ փոփոխությունների հաջորդ փուլը: Բարեփոխման շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերից, ավագի, առաջատարի և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձն ավելանալու է 150 և ավելի լարիով: Աշխատավարձի բարձրացումը կշարունակվի ամեն տարի, 2022-ին մանկավարժների միջին աշխատավարձը կանցնի 1500 լարին:
  3. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի անդամների հանդիպման մասին։ Մայիսի 14-ին Բաքվում տեղի է ունեցել սահմանազատման հարցով համատեղ հանձնաժողովի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են  հանձնաժողովի ղեկավարները, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
  4. Մայիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։
  5. Մայիսի 17-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Վրաստանի պատրիարքարանի կողմից կազմակերպված Ընտանիքի սրբության օրը: Հատկանշական է, որ Վրաստանում ընտանիքի սրբության օրը համընկնում է նաև հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան: Այս տարի ԼԳԲՏ համայնքը Թբիլիսիում ակցիաներ չանցկացրեց:
  6. Մայիսի 18-ին Վրաստանում նշվեց ազգային տարազի օրը: Տարազի օրն արդեն 4 տարի շարունակ ողջ Վրաստանի մասշտաբով է անցկացվում: Այս տարի Ազգային տարազի օրը նշվել է ավելի քան 30 քաղաքում: