Շարլ Միշելը վրաստանյան հարցերով միջնորդ է նշանակել

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ համաձայնեցրել է Վրաստանում որպես քաղաքական բանակցությունների միջնորդ նշանակել Կրիստիան Դանիելսոնին:

Դանիելսոնը կմիջնորդի Վրաստանում քաղաքական կուսակցությունների միջև վերսկսած բանակցությունները, նա կհամագործակցի Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի հետ:

«Մոտ օրերի ընթացքում պարոն Դանիելսոնը Վրաստան կայցելի, որպեսզի մասնակից բոլոր կողմերին ակտիվորեն ներգրավի գործընթացում:

Նախագահ Միշելն ու գերագույն ներկայացուցիչ Բարելը կոչ են անում բոլոր քաղաքական կողմերին` կառուցողական տրամադրվածությամբ վարել երկխոսությունը՝ կայուն, ժողովրդավարական ու բարեփոխումների վրա կենտրոնացած Վրաստանի շահերի համաձայն, որպեսզի երկիրը շարունակի իր եվրոպամետ ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Շարլ Միշելը Վրաստան էր այցելել մարտի մեկին` հանդիպումներ անցկացնելով կողմերի հետ՝ Վրաստանում քաղաքական  ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Կողմերը միասին վեց կետ էին մշակել, որոնց շուրջ պետք է զիջումներ տեղի ունենային: Կետերից մեկը ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային  ու մնացած քաղբանտարկյալներին ազատելն էր, նաև արտահերթ ընտրություններ անցկացնելը: Հանդիպումից հետո հաջորդ օրն ընդդիմությունը պլանի համաձայն արգելափակեց խորհրդարանի մուտքերը, սակայն, ավելի ուշ որոշում կայացրեց մինչև բանակցությունների ավարտը խուսափել իրավապահ մարմինների հետ աջակիցների բախումներից ու հետաձգեց մնացած շենքերի արգելափակման ակցիաները: Հանդիպումից հետո, իշխանությունն էլ հերքեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը, իսկ Մելիայի թեմայով վարչապետը հայտարարեց. «Գրավը վճարեն, ազատ արձակեն»: Նշենք, որ մարտի 15-ին Միշելը կողմերի հետ կհանդիպի Բրյուսելում: