Շփման գծում 2 քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով Վրաստանի երկու քաղաքացու են ձերբակալել, հայտնում է պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ): Ըստ տեղեկության՝ քաղաքացիները ձերբակալվել են օկուպացված Ղրոմի և Ախալգորիի Բալաանի գյուղերի մոտ (Հարավային Օսիա)։

ՊԱԾ-ը նշում է՝ հիշյալ միջադեպի մասին տեղեկություն ստանալով՝ ակտիվացրել են Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Անօրինական ձերբակալությունների այլ փաստերի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

«Ակտիվացվել են բոլոր գործող մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։

Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- նշել են ՊԱԾ-ից: