«Վրացական երազանքի» առաջնորդները հանդիպել են եվրախորհրդարանականների հետ

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն և կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հանդիպել են Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի անդամների հետ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գերմանացի և լատվիացի պատգամավորների հետ:

«Վրացական երազանք» կուսակցության տարածած տեղեկության համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման, Վրաստանում ընթացող և ծրագրված բարեփոխումների, երկրում տիրող քաղաքական գործընթացների և նախընտրական իրավիճակին վերաբերվող հարցեր:

Իշխող կուսակցության մամուլի գրասենյակը հրապարակում է Կախա Կալաձեի այն հայտարարությունը, որ խորհրդարանականները բազմաթիվ հարցեր են տվել և ստացել են համապատասխան բացատրություններ. «Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է ընտրություններին, մենք շեշտեցինք, որ հնարավոր ամեն ինչ կանենք, որ ընտրություններն անցկացվեն ազատ, խաղաղ միջավայրում»:

Կախա Կալաձեի խոսքով՝ նրանք խոսել են նաև Գիգի Ուգուլավայի ձերբակալության մասին և տեղեկացրել, որ այդ գործը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, դա վերաբերում է 48 միլիոն լարի հափշտակությանը, և կան հիմնավոր ապացույցներ: