Վրաստանի նախընտրական շրջանը թեժ է լինելու. ի՞նչ է սպասվում      

2020 թվականի հոկտեմբեր ամսին Վրաստանում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները: Դեռ նախորդ տարեվերջին Վրաստանում զարգացած իրադարձություններից հետո դժվար չէ գուշակել, որ այս տարվա ընտրությունները Վրաստանի համար անչափ կարևոր են ու մինչև ընտրությունները վրաց հանրությունը թեժ շրջան է ապրելու:

2019 թվականի նոյեմբերի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք պատգամավորների «թեթև ձեռքով» տապալվեց նույն կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հանրության տված խոստումը՝ լրիվ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը: Դրանից հետո Թբիլիսիում անցկացված բազմաթիվ բողոքի ակցիաներն ու Վրաստանի բարեկամ երկրների դեսպանները իշխող կուսակցությանը ստիպեցին բանակացությունների սեղանին նստել և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկել ընտրական համակարգի փոփոխության որևէ մոդել:

Այսպիսով, 2019 թվականին Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը հանդիպեցին 4 անգամ, որոնք էական արդյունք չտվեցին, կողմերից ոչ մեկը չհամաձայնեց միմյանց առաջարկներին՝ իշխանությունը չընդունեց ընդդիմության` ընտրությունների գերմանական մոդելը, ընդդիմությունը՝ իշխանության առաջարկը մեծամասնական պատգամավորների քանակը 50-ի հասցնելու, համամասնականներինը՝ 100-ի վերաբերյալ:

Այս օրերին տեղի էր ունենալու հերթական 5-րդ հանդիպումը, որտեղ կողմերը փորձելու էին որոշ համաձայնության գալ, սակայն Վրաստանի գերագույն դատարանի որոշումը ընդդիմադիր պատգամավոր Գիգի Ուգուլավայի վերաբերյալ` խախտեց պլանները: Դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետին փողերի յուրացման գործով, ինչի համար նա արդեն պատիժ կրել էր, դատապարտեց ևս 3 տարի 2 ամսվա ազատազրկման:

Փետրվարի 10-ին դատարանի հայտարարությունից հետո, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն պատրաստվում որևէ բանակցություններ վարել իշխանության հետ: Նրանց խոսքով՝ Գիգի Ուգուլավայի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի և նա քաղբանտարկյալ է:

Իշխող կուսակցության ներակայացուցիչները բանակցությունների սեղանը լքելու համար մեղադրում են ընդդիմությանը՝ հայտարարելով, որ ընդդիմության ներկայացուցիչները առանց այդ էլ պատրաստ չէին կառուցողական բանակցությունների և ցանկություն ունեն ապակայունություն մտցնել երկում և Ուգուլավայի ձերբակալությունը պարզապես առիթ էր այդ որոշումը կայացնելու համար:

Ընդդիմության ներկայացուցիչները Լեյբորիստական կուսակցության գրասենյակում հերթական հանդիպումից հետո հայտարարեցին, որ ապրիլի 4-ին Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց են անցկացնելու, իսկ մինչ այդ շրջելու են շրջաններով և հանդիպեն ժողովրդի հետ: Եվս մեկ կարևոր հայտարարություն, որը վերաբերում է մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Վրաստանի ընդդիմությունը նախատեսում է ամեն մեծամասնական շրջանում ընդհանուր թեկնածու առաջադրել ընդդեմ իշխանության մեծամասնական թեկնածուի:

Հարկ է նշել նաև այս իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքը, որի պակասը Վրաստանի իշխանությունները չզգացին: Ուգուլավայի ձերբակալության և բանակցությունների տապալման համար անհանգստություն հայտնեցին մի շարք կոնգրեսականներ, Վրաստանում ԵՄ դեսպանը, Վրաստանում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանությունը: Վերջիններս կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանին: