Սննդի գործակալությունն ավարտել է մանկապարտեզների ստուգումը Թբիլիսիում. խախտում չի հայտնաբերվել

Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը սեպտեմբերին երեխաների զանգվածային թունավորումից հետո սկսված ստուգման արդունքում Թբիլիսիի մանկապարտեզներից վերցված սննդի և ջրի նմուշներում վտանգ չի հայտնաբերել։ Այս մասին ասվում է այսօր հրապարակված հայտարարության մեջ։

«Կենդանական և բուսական արտադրանքի բոլոր 694 նմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել դրանց լիարժեք համապատասխանությունը սննդի անվտանգության սահմանված չափանիշներին», — հաղորդել է գործակալությունը։

Տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացրել մանկապարտեզների խոհանոցներից, ինչպես նաև մսի և կաթնամթերքի արտադրության օբյեկտներից վերցված կենդանական և ոչ կենդանական նմուշների վրա։

Ստուգումը ներառել է թռչնամիս, տավարի միս, կաթնամթերք, մրգեր, բանջարեղեն, հացահատիկայիններ, պատրաստի կերակուրներ և խմելու ջուր։ Ստուգվել են մանրէաբանական պարամետրերի, հարուցիչների (սալմոնելա, շիգելա և ստաֆիլոկոկ), ինչպես նաև ծանր մետաղների և նիտրատների առկայությունը։