Սոցիալական աջակցության համար անհրաժեշտ վարկանիշային միավորների հաշվարկման կանոնը կփոխվի

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Բարկալայայի խոսքով՝ առողջապահության նախարարությունն աշխատում է սոցիալական աջակցության համար անհրաժեշտ վարկանիշային միավորների հաշվարկման կանոնի փոփոխության վրա։

Ըստ Բարկալայայի՝ միավորների հաշվարկման նոր կանոնի վրա աշխատանքը, հավանաբար, կավարտվի մինչև տարեվերջ։

«Մենք գիտենք այն մարտահրավերները, որոնք կապված են միավորային համակարգի հետ: Կան խոցելիության նախապես սահմանված չափանիշներ։ Հատուկ չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն մուտքագրելու դեպքում միավորները գեներացվում են վիճակագրական բանաձևով: Ո՛չ սոցիալական գործակալը, ո՛չ էլ որևէ այլ աշխատող այս գործին միջամտելու հնարավորություն չունի։ Այս միավորային համակարգը լավ է նրանով, որ սոցիալական գործակալը կամ այլ աշխատողը հնարավորություն չունի սուբյեկտիվորեն որոշել, թե ում օգնել, ում ոչ: Սակայն ինչպես յուրաքանչյուր ծրագիր, սա ևս ունի խնդիրներ, ինչպես օրինակ` չի կարող որոշել խոցելիության բոլոր տեսակները»,- ասել է Բարկալայան։

Նա նաև նշել է, որ անցյալ տարի սկսել են աշխատել Համաշխարհային բանկի հետ՝ փոխելու խոցելիության գործակիցները և դրանք փոխարինելու ժամանակակից տնտեսական խոցելիության գործակիցներով, որոնք կբարելավեն թիրախավորման որակը։

Կարդացեք նաև՝

Նպաստառու երեխաներին տրվող վճարը հունիսից կավելանա