Սուրամիում սողանքի վտանգի պատճառով մոտ 40 ընտանիք է տարհանվել

Երեկ՝ փետրվարի 7-ին, Վրաստանի Խաշուրիի մունիցիպալիտետի Սուրամի քաղաքատիպ ավանում (հանգստավայր է) սողանքի վտանգի պատճառով մոտ 40 ընտանիք տեղափոխվել է անվտանգ տարածք։

«Ամենակարևորն այն է, որ երեկ երեկոյան սկսված գործընթացը չշարունակվեց, չտարածվեց, և այս զանգվածը կասեցված է։ Երկրաբանները տեղում են, ինչ էլ ասեն, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Խաշուրիի քաղաքապետ Թենգիզ Չիտիաշվիլին։

Արևմտյան Վրաստանում հորդառատ անձրևների ֆոնին փետրվարի 7-ին, ժամը 02:00-ի սահմաններում Բաղդաթիի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել, 4 տուն ավերվել է։ Բաղդաթիում բնական աղետի հետևանքով 9 մարդ է զոհվել:

Փետրվարի 6-7-ը տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով Աջարիայում սողանք և ձնահյուս է  տեղի ունեցել, որը ևս 2 մարդու կյանք է խլել, տներ են վնասվել։ Սամեգրելոյի և Իմերեթիի բազմաթիվ բնակավայրեր հեղեղվել են հորդառատ տեղումների պատճառով։