«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Աբխազիայի «խորհրդարանում» է

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան «խորհրդարանին» է ներկայացրել «Օտարերկրյա գործակալների գործառույթներ կատարող ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասին» օրենքը, գրել է netgazeti.ge լրատվականը՝ վկայակոչելով դե ֆակտո նախագահի կայքի հրապարակմանը։

Օրենքի նախագծով ոչ բիզնես կազմակերպությունները հնարավոր է ճանաչվեն «օտարերկրյա գործակալի» գործառույթ իրականացնող, եթե նրանք փող և (կամ) այլ գույք են ստանում օտարերկրյա աղբյուրներից և, ելնելով օտար երկրների շահերից՝ մասնակցում են դե ֆակտո հանրապետության տարածքում իրականացվող քաղաքական գործունեությանը: Դրանից բացի, «օտարերկրյա գործակալի» գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կարող է լինել ցանկացած կազմակերպություն, որը ստեղծված է Աբխազիայի դե ֆակտո օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական ձևով և իր գործունեությունն իրականացնում է նշված տարածքում։

Radiotavisupleba.ge լրատվականը՝ վկայակոչելով ОКНО Telegram ալիքում հրապարակված հայտարարությունը, գրել է, որ  Բժանիան խախտել է «Սահմանադրությունը»՝ «խորհրդարան» ներկայացնելով «Օտարերկրյա գործակալի գործառույթ կատարող ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասին» օրենքի նախագիծը։ Հայտարարության հեղինակների կարծիքով՝ օրինագիծը խախտում է հիմնարար սահմանադրական իրավունքները, խոսքի ազատությունն ու սկզբունքները, դավանանքի ազատությունը, միավորվելու իրավունքը, խաղաղ հավաքների, հանդիպումների, երթերի և ցույցերի իրավունքը, օրենքի առջև հավասարության և խտրականության բացառման սկզբունքը։

«Նախ՝ նախագահը խախտում է օրենքի գերակայության սկզբունքը, որը թույլ չի տալիս պաշտոնյաներին կամայական որոշումները վերածել իրավական նորմերի։ Տոտալիտար և ավտորիտար երկրներին է բնորոշ, երբ օրենքը ընկալում ես որպես հասարակության համար կամայականորեն պարտադրված «պատվեր»։ Նախագահ Բժանիան իր որոշումներով նպաստում է, որ պաշտոնյաների ապօրինությունը օրենքից վեր լինի։ Մյուս կողմից, նմանատիպ բովանդակությամբ օրինագիծ չի կարող ներկայացվել Աբխազիայի Հանրապետության խորհրդարան, քանի որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը», — նշված է հայտարարության մեջ։

Քաղաքացիական ակտիվիստները կարծում են, որ Բժանիան իր արարքով խախտում է «սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները»։

Ի դեպ, 2023 թվականի մարտի 7-9-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող թևը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Համաձայն այդ փաստաթղթի՝ Վրաստանի գործընկեր երկրներից ֆինանսավորում ստացող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները պետք է գրանցվեին գործակալների ռեեստրում։

Այս գործընթացին մի քանի օր հաջորդեցին լայնածավալ ակցիաներ Թբիլիսիում և այլ քաղաքներում, որից հետո իշխող կուսակցությունը տապալեց օրինագիծը։