Սուրբ Ծննդյան պատարագ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Հունվարի 6-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցում մատուցել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Այս մասին տեղեկություն է տարածում «Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն»-ը։

«Օրվա պատարագիչն էր Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրը քարոզ խոսեց և մեկնեց օրվա խորհուրդը: Պատարագի ավարտին Հոգեշնորհ Հայր Սուրբն ու Արժանապատիվ Տեր Հայրը հավատացյալներին փոխանցեցին Սուրբ Ծննդյան ավետիսը և դպրաց դասի ուղեկցությամբ ու Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ, հավատացյալների հետ միասին շարժվեց դեպի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որտեղ տեղի ունեցավ տնօրհնեքի կարգ», — հաղորդագրություն է տարածում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը։