«Սուտ է Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին լուրը». ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի խոսքով՝ սոցցանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք է բերվում, ապատեղեկատվություն է և սուտ:

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը:

«Վրացական կողմի դիրքորոշումը բեռնափոխադրման վերաբերյալ միանշանակ է, և այն հնչեցվել է Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստում: Վրաստանը դադարեցրել է երկու երկրների կողմից ռազմական բեռներ փոխադրելու թույլտվությունների տրամադրումը, այնուամենայնիվ, դա չի տարածվում քաղաքացիական նշանակության բեռների վրա, և Վրաստանը կշարունակի կատարել այդ ուղղությամբ իր պարտավորությունները ինչպես երրորդ երկրների, այնպես էլ՝ մեր հարևանների նկատմամբ: Մենք նկատում ենք, որ սոցիալական հարթակներում տարածվում են տարատեսակ ապատեղեկություններ և կեղծիքներ, թե իբր զենք է տեղափոխվում Վրաստանով: Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Վրաստանի տարածքով Ադրբեջան են բերվել զենքեր, ինչը բացահայտ ապատեղեկատվություն է», — ասել է Լաշա Դարսալիան:

«Ուզում եմ կոչ անել հայկական կողմին, ամբողջ բնակչությանը՝ չտարածել նման ապատեղեկություն: Վրաստանը կշարունակի կատարել իր միջազգային պարտավորությունները, և ես կցանկանայի դիմել բոլորին՝ լուրը տարածելիս ապավինեք միայն ստուգված և հավաստի աղբյուրներին», — ասել է Դարսալիան:

Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ

Վրաստանը հերքում է իր տարածքով Թուրքիայից սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման մասին լուրերը