Ռազմական փոխադրումների մասին տեղեկությունները ՊՆ-ն չի կարող մեկնաբանել

«Պաշտպանության նախարարության տվյալները չեմ կարող հրապարակել»,-խոսելով Թուրքիայից Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հարցին, թե ի՞նչ տվյալներ ունի Հայաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայից Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«ՊՆ-ի տվյալները, ես չեմ կարող հրապարակել, հասկանալի պատճառներով. Էս հարցին առնչվող քաղաքական ուղղության որոշումներն ու քայլերը արտգործնախարարության մեր գործընկերները կմեկնաբանեն: Իսկ զինվորականների մասով սա չմեկնաբանվող տեղեկություն է»:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ էր անցկացրել, որից հետո հայտարարել, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես, ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը Վրաստանի օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ»: