Բժշկությունը գիտություն և արվեստ է։ Այն անբաժան կապ ունի մարդկային կյանքի որակի, բարեկեցության և երկարակեցության հետ։ Այն բացառիկ ոլորտ է, որտեղ գիտությունն ու մարդկային հուզական կապը միահյուսվում են՝ ծառայելով մեկ նպատակի՝ փրկել և վերականգնել կյանքը։
Անկախ ճանապարհին հանդիպող խոչընդոտներին, միևնույնն է, Վրաստանում ապրող հայազգի ուսանողները շարունակում են գնալ դեպի այդ ուղղություն՝ առանց հետ կանգնելու իրենց նպատակից։ Իր փորձով ու անցած ճանապարհով մեզ հետ կիսվեց Նազելի Վարդանյանը։
Նազելին ծնվել է Նինոծմինդայում, սովորել և ավարտել տեղի համար 3 հանրային դպրոցը, ընդունվել Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, ավարտել ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ Այժմ սովորում է նյարդաբանության ռեզիդենտուրայում։
Ինչպե՞ս ընտրեցիր հենց այս մասնագիտությունը։
— Ընտրել եմ բժշկությունը , որովհետև ինձ միշտ հետաքրքրել է մարդու անատոմիան և ֆիզիոլոգիան, ունեցել եմ մարդկանց օգնելու մեծ ցանկություն, բացի այդ, ընտրության հարցում օգնել են ընտանիքիս անդամները, ճիշտ է ՝ ծնողներս բժիշկներ չեն, բայց աշխատում են այդ բնագավառում և շատ են պատմել բժշկի աշխատանքի կարևորության, պատասխանատվության և մարդկանց կյանքեր փրկելու մասին։ Հենց սա էլ իմ մեջ մեծ ցանկություն է առաջացրել բժիշկ դառնալու։ Մեծ երջանկություն էր այն օրը, երբ ստացա համապատասխան դիպլոմ, այդքան դժվարությունից հետո ես հասա իմ նպատակին, դա ինձ համար մեծ հաղթանակ էր։
Կարո՞ղ ես պատմել ուսումնական տարիների դժվարություններից, վրաց լեզվի հետ կապված խնդիրներ արդյո՞ք եղել են։
-Օտար լեզվով սովորելը դժվար էր ինձ համար, արավելևս բժշկական տերմինոլոգիան և դասընթացները, բայց ցանկությունս այնքան մեծ էր, որ կարողացա հաղթահարել լեզվի խոչընդոտը։ Լեզվին տիրապետելու և սովորելու մեջ ինձ շատ օգնեց աշխատանքը, շփումը կոլեգաներիս հետ։
Նազելին իր խոսքում նշում է , որ այս տարիների ընթացքում՝ սկսած 4-րդ կուրսից աշխատում է Կովկասի բժշկական կենտրոնում, ինչն էլ հնարավորություն է տվել ավելի սիրել մասնագիտությունը և համոզվել, որ կատարել է ճիշտ ընտրություն։
Ինչու՞ հենց նյարդաբանություն, ի՞նչն է գրավում քեզ այդ մասնագիտության մեջ։
-Սովորելու ընթացքում ինձ ամենից շատ գրավեց մարդու նյարդային համակարգը, որը շատ բարդ ու հետաքրքիր է, այդ պատճառով էլ որոշեցի շարունակել հենց այդ ուղղությամբ՝ դառնալ նյարդաբան։ Այժմ սովորում եմ ռեզիդենտուրայի առաջին կուրսում և միաժամանակ աշխատում Թբիլիսիում՝ որպես կրտսեր բժիշկ-նյարդաբան։
Կարո՞ղ ես խոսել հեռանկարների, ապագայի հետ կապված նպատակների մասին։
— Ապագայում ռեզիդենտուրաս ավարտելուց հետո մտադիր եմ մնալ և աշխատել Թբիլիսիում և միաժամանակ հաճախել Նինոծմինդայի կլինիկա։ Այսօրվա դրությամբ մեր շրջանում չկա տեղի նյարդաբան և որոշել եմ պարբերաբար նաև շրջան գնալ և բուժօգնություն ցուցաբերել իմ ժողովրդին։
Նազելին եզրափակելով իր խոսքը՝ խորհուրդ է տալիս երիտասարդներին չվախենալ ոչ մի տեսակի դժվարությունից, ընտրել այն մասնագիտությունը, ինչը սրտով ուզում են, և որ կարևոր չէ ինչ մասնագետ է մարդ, կարևոր է՝ լինել պրոֆեսիոնալ այդ մասնագիտության մեջ։
Հեղինակ՝ Սոնյա Նազարեթյան